հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ինչու «Կարֆուրը» գովազդեցին, բայց Հայաստան չթողեցին

Ինչու «Կարֆուրը» գովազդեցին, բայց Հայաստան չթողեցին

Այս տարվա սեպտեմբերին լուրեր տարածվեցին, թե հիպերմարկետների «Կարֆուր» ֆրանսիական ցանցն առևտրական կենտրոն է բացելու Հայաստանում` հայտնի «Դալմա մոլում»: Նշվում էր, որ այդ հիպերմարկետը կունենա 10 հազար քառակուսի մետր տարածք: Այդ լուրը հիմնավորում էր նաև «Դալմա մոլում» հայտնված գովազդային պաստառը: Նաև նշվում էր, որ «Կարֆուր» հիպերմարկետը կբացվի հենց այս տարվա նոյեմբերին: Այս մասին այսօր գրել է «Հայկական ժամանակ» թերթը:

«Ոչ միայն չբացվեց, այլև այդ ուղղությամբ աշխատանքներ գրեթե չեն տարվել: Եվ ուրեմն` ինչ է տեղի ունեցել: Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչով է կարևոր «Կարֆուրի» բացվել-չբացվելու պատմությունը, պարզաբանենք, թե իրենից ինչ է ներկայացնում այդ ապրանքանիշը», – գրում է թերթը:

«ՀԺ»-ն հիշեցնում է, որ «Կարֆուրն» իր տեսակի մեջ երկրորդն է աշխարհում: Տարբեր երկրներում ունի ավելի քան 15 հազար առևտրական կենտրոն: Դրանցում աշխատում է ավելի քան 400 հազար մարդ, իսկ տարեկան հասույթը կազմում է մոտ 100 միլիարդ եվրո:

«Եվ ուրեմն, այս հսկայական ընկերության մտադրությունը` մեր երկրում գործունեություն ծավալելու առումով, արդեն իսկ ուշագրավ է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի մոտ 50 տարվա բյուջեի չափ տարեկան շրջանառություն ունեցող «Կարֆուրը» լուրջ, չափազանց լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մեր օլիգարխների համար: Խնդիրն այն է, որ «Կարֆուրը» հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը, իսկ տեղական արտադրողներից ապրանքներ վերցնելիս չափազանց բծախնդիր է դրանց որակի և գնի նկատմամբ:

Այն ժամանակ, երբ «Կարֆուրը» նոր էր հայտնել իր մտադրությունը` գործունեություն ծավալել Հայաստանում, այս «փոքր» դետալը դուրս էր մնացել մերոնց ուշադրությունից: Հետագայում, սակայն, մեր օլիգարխները, որոնք միաժամանակ և սուպերմարկետների տերեր են, և խոշորագույն ներկրողներ, հասկացել են սա ու խառնվել իրար: Մեր տեղեկություններով՝ «Կարֆուրի» հարցը մի քանի անգամ թեժ քննարկումների թեմա է դարձել իշխանական ամենաբարձր օղակներում: Օրինակ, հաշվարկ է արվել, որ եթե «Կարֆուրը» ներկրի շաքարավազ, ալյուր, ձեթ… ապա իր հիպերմարկետում դրանց գները 25-40 տոկոսով ցածր կլինեն, քան հիմա մեր սուպերմարկետներում վաճառվող նույն ապրանքները:

Բայց պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե պարզվի, որ «Դալմա մոլում» գտնվող «Կարֆուր» հիպերմարկետում շաքարավազն արժե ոչ թե 400 դրամ, ինչպես մեր գործող սուպերմարկետներում, այլ 300-320 դրամ: Շատ արագ «Կարֆուրը» կդառնար շաքարավազի խոշոր, եթե ոչ` միակ ներկրող: Նույնը նաև այլ ապրանքների դեպքում:

Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե մեր մաքսայինը հանուն իր հարազատ օլիգարխների կարող է «Կարֆուրի» համար խոչընդոտներ ստեղծել սահմանի վրա: Բայց դա միայն առաջին հայացքից: «Կարֆուրի» հետ նման «կատակները» չեն անցնում: Միակ ելքն այն է, որ ինչ-որ ձևով խոչընդոտվի «Կարֆուրի» հայտնվելը Հայաստանում:

Եվ ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն, մեր օլիգարխները և իշխանությունն այդ հարցում արդեն հաջողության են հասել՝ «Կարֆուրը» որոշել է Հայաստանում գործունեություն չծավալել: Թե ինչպես են դա արել, մանրամասներն առայժմ հայտնի չեն»,- գրել է թերթը: