ՀՀՇ վարչության անդամ Հովհաննսես Իգիթյանի կարծիքով՝ նախագահական ընտրությունները չպետք է բոյկոտել, այլ պետք է հաղթահարել տարաձայնությունները, որոնք կան ընդդիմության ներսում, և մասնակցել դրանց: Այս մասին Իգիթյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:
«Բոյկոտը մի քայլ է, որն ավելի շատ ջանք ու ռեսուրս է պահանջում: Բոյկոտելը միայն տանը նստելը չէ: Մենք ընդամենը երեք անգամ ենք բոյկոտ արել: Մի անգամ բոյկոտել ենք ԽՍՀՄ-ի նոր պայմանագիրը 1989 թվականին և ԽՍՀՄ-ի երկու պատգամավորների (ընտրություններ): Բոյկոտից հետո ստեղծվում է մի իրավիճակ, որից հետո իշխանության գոյությունն անիմաստ է դառնում, և նա հրաժարական է տալիս: Եթե ճիշտ բոյկոտես պառլամենտը, ապա այն գոյություն չի ունենա այլևս»,- ասել է Իգիթյանը:
Նա նշել է, որ ՀԱԿ-ում կան գործընթացներ, որոնք իրեն դուր չեն գալիս, սակայն, ըստ քաղաքական գործչի, քիչ չեն քաղաքական դաշտում հասուն, պարկեշտ գործիչներ, որ կարող են պայքարել: Ըստ Իգիթյանի՝ չի կարելի շռայլորեն այդ ուժը վատնել և իշխանական մեքենային զիջել երկիրը:
Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթի մասին՝ Իգիթյանն ասել է, որ ՀԱԿ առաջնորդը, հավանաբար, հետաձգում է առաջադրման մասին իր որոշումը, քանի որ ցանկանում է այդ հարցի շուրջ քննարկումները շարունակել իր թիմակիցների հետ:
Մեր զրուցակիցն ասել է, որ եթե այդ քննարկումները հանգեցնեն նրան, որ Հրանտ Բագրատյանը լինի միակ ընդդիմադիր թեկնածուն, ապա ինքն անձամբ պաշտպանելու է նրա թեկնածությունը: