ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր կայքում անդրադարձել է երեկ ՕԵԿ համագումարում հնչեցրած ՕԵԿ առաջնորդ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ելույթին՝ վերջինիս համարելով պատասխանատու 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների համար:
«ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ համագումարում ունեցած ելույթի ինձ վերաբերվող հատվածի վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել հետևյալը.
Հասկանում եմ, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը տարբեր քաղաքական գործիչների դիֆերամբներ ձոնելու միջոցով կարիերա անելու 20-ամյա հարուստ փորձ ունի, բայց այս անգամ խստորեն սխալվել է հաշվարկներում: Քաղաքական գործունեության ընթացքում երբեք չեմ առաջնորդվել ու չեմ առաջնորդվելու ինձ «դիֆերամբներ» ձոնողներին բարեկամ, իսկ քննադատողներին թշնամի համարելու գործելակերպով:
Ու չնայած պարոն Բաղդասարյանը ակնարկել է իմ «ազնիվ գործիչ» լինելու մասին, որեւէ լավ բան չեմ կարող ասել մի մարդու հասցեին, ով մշտապես գործել է ընտրություններ կեղծած իշխանությունների տանիքի տակ:
Ընդգծում եմ, որ Արթուր Բաղդասարյանը 2008 թվականի Մարտի 1-ի ուղիղ պատասխանատուներից է և Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ՀՀ քաղաքացիների ընդդիմադիր տրամադրված հատվածի «ամենատպավորիչ» դավաճանության հեղինակ», – հայտարարել է Փաշինյանը:
Նշենք, որ իր ելույթում անդրադառնալով մարտի 1-ի իրդարաձություններին նշել է, որ ՕԵԿ-ը չէր կարող գնալ արկածախնդրության:
«Ո՞վ է պատասխանատու մարտի 1-ի համար` այն առաջնո՞րդը, որն իր առանձնատնից չիջավ 2 կանգառ», – հայտարարել է Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, որ «ըննդիմության առաջնորդը հաստատ Նիկոլ Փաշինյանը չէր, ոչ էլ մի քանի ազնիվ գործիչներ, որոնք հայտնվեցին բանտերում»: