ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կանխատեսում է, որ 2013 թվականին տնտեսական աճը Հայաստանում կգերազանցի 7%-ը, ինչը կզուգակցվի ցածր գնաճով: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ տարին ամփոփող հանդիպման ժամանակ:
«Ըստ մեր կանխատեսումների՝ 12-ամսյա գնաճը կլինի 4%, իսկ միջին գնաճը շուրջ 2,5%: Կաճեն տնտեսության բոլոր ճյուղերը, այդ թվում էական կլինի արդյունաբերական արտադարանքի աճը: Մեր կարծիքով՝ միայն մեկ ճյուղ կլինի, որ դեռևս չի ունենա աճի ցուցանիշներ, դա կլինի շինարարությունը: Կարծում ենք, որ արդեն եկող տարի շինարարության առումով ևս կլինեն փոփոխություններ, քանի որ արդեն իսկ կմեկնարկի Հյուսիս-հարավի (ավտոճանապարհի) շինարարությունը, որը էական ազդեցություն կունենա ընդհանուր ծավալների, տնտեսական ակտիվության և մնացած ցուցանիշների վրա»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:
Վերջինիս խոսքով՝ ընթացիկ հաշվի պակասուրդը կմնա նույն մակարդակում՝ շուրջ 10,5%-ի շրջանակներում:
«Այսինքն՝ անցյալ տարվա մոտ չորս տոկոսային կետով իջեցումից հետո այն քիչ թե շատ կպահպանվի նույն մակարդակում, սակայն դրան զուգահեռ արտահանման աճը կգերազանցի ներմուծումը շուրջ երկու անգամ:
Ինչ վերաբերում է ֆինանսների նախարարության կողմից իրականացված աշխատանքներին, նախարարը նշել է, որ ծախսերի ֆինանսավորումը և դրամական հոսքերի կառավարումն իրականացվել է բավականաչափ սահուն և հարթ, իսկ բյուջետային ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված վճարային հայտերն ամբողջությամբ ֆինանսավորվել են:
Ինչ վերաբերում է հսկողության մեխանիզմենրի կիրառմանը, ապա Վաչե Գաբրիելյանն ասել է, որ 2012 թվականի ընթացքում ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվել են թվով 62 ստուգումներ և թվով 23 ուսումնասիրություններ, իսկ թվով 6 ստուգումներ դեռևս ընթացքի մեջ են:
«Արդյունքում 2008-2012 թթ. ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից 2012 թվականի ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդհանուր 1077,8 միլիոն դրամ, որից 605,8 միլիոն դրամը վերականգնվել է պետական բյուջե, 22,1 դրամը՝ կազմակերպությունների հաշվին, իսկ 449,9 միլիոն դրամը հաշվառումով վերաձևակերպվել է: 2012 թվականի ընթացքում 3 գործեր ներկայկացվել են ՀՀ գլխավոր դատախազությանը, որից 2-ով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր և ընթանում է քննություն»,- ասել է նախարարը: