2011 թվականի սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված հանցավոր խմբավորման գործով դատական նիստն այսօր հետաձգվել է՝ գործով ձերբակալված, ազգությամբ եզդի 18-ամյա Քյարամ Ամոյանի առողջական վիճակի վատանալու, ինչպես նաև տուժող կողմի չներկայանալու պատճառով: Այս մասին Еpress.am-ին տեղեկացրել է Ամոյանի մայրը՝ Կարինե Ամոյանը (լուսանկարում):
Еpress.am-ի հետ զրույցում Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը պատմել է, որ ինքը ուրբաթ օրը հանդիպել է իր պաշտպանյալին:
«Իր վիճակը լավ չէր՝ ցնցումներ ուներ, բայց մտածեցի, որ պահ է ու կանցնի, միգուցե մրսել է: Այսօր դատարանում իմացա, որ Քյարամի առողջական վիճակը վատ է ու դատարան չի գալու»,- ասել է փաստաբանը:
Հովհաննիսյանը նշել է, որ վաղը պատրաստվում է նամակ հղել «Դատապարտյալների հիվանդանոց»-ի ղեկավարությանը՝ գրավոր պարզաբանում ստանալու համար:
«Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է կատարվել, իհարկե, խոսքը ճնշում գործադրելու մասին չէ: Իր մոտ ցնցումներ հաճախակի լինում են, ու պատճառը իր հիվանդությունն է, ինչի կապակցությամբ ես միջնորդել եմ փորձաքննություն նշանակել: Դատարանը պետք է քննարկի այդ հարցը»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա նաև նշել է, որ ավելի ուշ ինքը կայցելի Ամոյանին: