ՀՀ երկու տարբեր ՔԿՀ-ներում գտնվող դատապարտյալների անձնագրերն անհետացել են քրեական գործերից: Դրանք են Վռամ Բաղդասարյանի անձնագիրը, ով գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում, և Խաչիկ Հովսեփյանի անձնագիրը, ով գտնվում է «Կոշ» ՔԿՀ-ում: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է դատապարտյալների պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը:
«Դրանք առանձին քրեական գործեր են՝ տարբեր հոդվածներով, և արդեն դատապարտվել են: Խնդիրն այն է, որ քրեական գործերում նրանց անձնագրերը եղել են: Ես՝ որպես նրանց իրավապաշտպան, հաստատում եմ, որովհետև գործի մեջ տեսել եմ: Վռամ Բաղդասարյանի դեպքում անձնագրի բացակայությունն ազդում է իր տեսակցությունների վրա, կարող է ազդել հետագայում այլ հարցերի համար, օրինակ, նրանց՝ պայմանական ազատման հանձնաժողով ներկայացնելուց: Խաչիկ Հովսեփյանի դեպքում էլ խնդիրն այն, է որ նա վատառողջ է և անձնագրի բացակայության պատճառով նրան դատապարտյալների հիվանդանոց չեն տեղափոխում», – ասել է Գայանե Խաչատրյանը:
Վերջինս հիշեցրել է, որ Խաչիկ Հովսեփյանին էլ 2010 թվականին բերման են ենթարկել Չարենցավանի բաժանմունք, որտեղ նրան ծեծի էին ենթարկել, և նա փորձել էր ինքն իրեն վնասել, որ ծեծը դադարեցնեին:
Գայանե Խաչատրյանն այս խնդրի հետ կապված պատրաստվում է դատարաններից նորից պահանջել վերանայել իրենց արխիվները և գտնել անձնագրերը: Խաչիկ Հովսեփյանի գործը քննել է Կոտայքի մարզի դատարանը, իսկ Վռամ Բաղդասարյանի գործը քննվել է Երևանի Արաբկիր և Քանաքեզ-Զեյթունի առաջին ատյանի դատարանում:
«Ես կարծում եմ, որ կամ սա կապված է առաջիկա ընտրությունների հետ, որ ազատ անձնագրեր են և կարող են օգտագործվել ընտրությունների ժամանակ, իսկ եթե ոչ՝ կրկին անգամ անձնական հաշվեհարդար է այս դատապարտյալների նկատմամբ»,- ասել է Գայանե Խաչատրյանը: Նա ևս մեկ անգամ նշել է, որ այս մեղադրյալների նկատմամբ կայացրած վճիռները հիմնավորված չեն: