Միքայել Հայրապետյանի գլխավորած Պահպանողական կուսակցությունն այսօր պաշտոնապես դուրս է եկել Հայ Ազգային Կոնգրեսից և ՀՀ ԱԺ ՀԱԿ դաշինքից: Այս մասին ասված է կուսակցության ղեկավարի տարածած հայտարարության մեջ:
«Ի գիտություն ընդունելով ՀՀ Հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու մասին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը 2012թ. դեկտեմբերի 25-ից դուրս է գալիս՝ Հայ ազգային կոնգրեսից և ՀՀ ԱԺ ՀԱԿ դաշինքից», – նշում է Հայրապետյանը:
Հայտարարության մեջ Պահպանողական կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ 2007-ից ի վեր Համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար:
«Պահպանողական կուսակցությունը կշարունակի հետևողական պայքարը Հայաստանում սահմանադրական կարգի և արևմտյան քաղաքակրթական արժեքների հաստատման, Ազատ-Անկախ Հայաստանի իր տեսլականի իրականացման համար», – եզրափակել է Միքայել Հայրապետյանը: