Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը համոզված է՝ լրագրողները Հայաստանում ավելի պրոֆեսիոնալ են դարձել

Սերժ Սարգսյանը համոզված է՝ լրագրողները Հայաստանում ավելի պրոֆեսիոնալ են դարձել

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահականում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

«Հարգելի´ լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անցնող տարում մենք ձեզ հետ միասին շարունակեցինք մեր ջանքերը երկրում խոսքի ազատության ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ողջ տարվա ընթացքում և հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր որակյալ աշխատանքի համար: Ես չեմ հիշում անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ ընտրություն, երբ մասնակիցների համար լրատվության այդչափ հասանելիություն եղած լիներ, ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մի բան էլ եմ արձանագրել. մեր լրագրողներից շատերն արդեն լրջորեն տիրապետում են քաղաքական գործընթացները լուսաբանելիս սեփական դիրքորոշումները մի կողմ դնելու կարողություններին: Սա արդեն պրոֆեսիոնալիզմն է, ինչն իրոք նկատելի է: Այն, ինչին մենք միասին հասել ենք, և ինչն այդպես տեսանելիորեն դրսևորվեց նախորդ ընտրությունների ժամանակ, իրոք, լուրջ ձեռբերում է, որից հետընթաց մենք ուղղակի իրավունք չունենք թույլ տալու: Ճիշտ հակառակը՝ պիտի շարունակենք առաջ գնալ», – ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նա նշել է, որ խնդիրներ դեռ շատ կան, բայց «կան մեր նպատակներին հասնելու երկու ամենակարևոր գործոնները` հասարակական պահանջը` մի կողմից և իշխանությունների քաղաքական կամքը` մյուս կողմից»:

«Այսպիսով, մենք դաշնակիցներ ենք և միասին իրականացնում ենք առաքելություն, որի արդյունքներով պայմանավորված է ոչ միայն մեր երկրի ներկան, այլև՝ տեսանելի ապագան», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահն ասել է, որ պետական կառույցների հասարակական հսկողությունը, նրանց գործունեության թափանցիկության ապահովումը կախված է նաև լրատվամիջոցների արդյունավետության աստիճանից:

«Նոր՝ 2013 թվականը շատ հարցերում վճռորոշ է լինելու մեր հասարակության համար: Այն, ինչ լուսաբանելու տեսանկյունից ձեռք ենք բերել նախորդ ընտրություններում, փետրվարյան ընտրությունների համար պետք է համարել սոսկ նվազագույն շեմ: Ավելին պետք է անենք: Ու խոսքը միայն ընտրություններին չի վերաբերում: Միասին մենք ժամանակակից պետություն ու ժամանակակից հասարակություն կառուցելու ճանապարհով ենք գնում: Եվ այստեղ մեծ է լրագրողների դերը: Ավելին` մեծ է պատասխանատվությունը բոլոր նրանց, ովքեր գրեթե ամեն օր շփվում են մարդկանց հետ, ովքեր գրեթե ամեն օր խոսք են ասում մարդկանց: Իմ կոչը և հորդորն է` չէժանացնել այդ խոսքը, չմոռանալ, որ մենք լուրջ նպատակներ և հավակնություններ ունենք, և նպատակների ու հավակնությունների արտահայտիչներ եք նաև դուք, սիրելի՛ լրագրողներ», – իր շնորհավորական խոսքում ասել է Սերժ Սարգսյանը: