Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը դատական քննություն կսկսվի ամերիկահայ Էդմոնդ Խուդյանի ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի դեմ: Ըստ գործի՝ Եսայանն ի օգուտ Էդմոնդ Խուդյանի ապօրինի գործարք է կնքել՝ այդպիսով խոշոր չափեր վնաս պատճառելով քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին:
Սփյուռքահայ գործարարն այսօր լրագորղների հետ հանդիպում է կազմակերպել և ասել, որ նման ձևակերպումը միտում ունի իր մյուս գործին այլ ընթացք տալ և նրան թալանած մարդկանց օգնել, մրոտել իր անունը: Ըստ Խուդյանի՝ դա վկայում է այն մասին, որ այդ նոր դատական գործում ևս կա դատախազության շահագրգռվածությունը:
Էդմոնդ Խուդյանը պնդում է, որ իր դեմ մի խումբ հանցագործների կատարած գործողությունների արդյունքում տուժել է ոչ միայն ինքը, այլև 1.5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը: Գործարարի խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեն, սակայն, որևէ գործողություն չի նախաձեռնում, քանի որ հանցագործները «հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող մարդիկ են»: