Առավել քան հստակ է, որ հանքարդյունաբերության աճը Հայաստանում համահունչ չի եղել պետական շահին և առավելապես ներկայացրել է արտոնյալների շահերը, որոնք հասցրել են կուտակել հսկայական ծավալների հասնող հարստություն, այն ժամանակ, երբ մեր երկիրը գլխիվայր սլանում է դեպի աղքատություն և հուսալքում: Այս մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը տարածած հայտարարության մեջ:
«Վերջին ժամանակահատվածում մենք ականատեսն ենք պետական շահի պատրվակով սոսկալի խախտումների, պատմական հուշարձանների ավերածությունների, ընդարձակ և զարգացող էկոհամակարգերի ոչնչացման: Հայաստանում լճերը, փարթամ անտառների փոխարեն, շրջապատված են վտանգավոր արտանետումներով: Մեր հայրենիքը թունավորվում է», – գրել է Հովհաննիսյանը՝ ներկայացնելով հետևյալ պահանջները.
1. Հանքարդյունաբերության շահագործման լիցենզիաների վերանայում` ներառյալ Թեղուտի շահագործվող հանքավայրը, որը գտնվում է Լոռու մարզի հիասքանչ անտառով պատված գոտում:
2. Օրակարգում գտնվող և հաստատման սպասող բոլոր լիցենզիաների առկախում՝ մինչև շահագործման արտոնությունների տրամադրման գործընթացի իրավական ու թափանցիկության հարցերին առնչվող համապարփակ, բազմակողմանի խորհրդարանական հետաքննության իրականացում.
3. Բնապահպանական օրենսգրքի ու հարկման մեխանիզմների վերաձևակերպում` ապահովելով, որ ազգային հարստություններն այսուհետ շահագործվեն միմիայն հաշվի առնելով շրջակա միջավայրի և Հայաստանի քաղաքացու շահերը:
«Մենք ամբողջապես աջակցում ենք Հայաստանի տնտեսական զարգացմանը, բայց այն իրապես տեղի կունենա սոսկ իրավունքի գերիշխանության, շրջակա միջավայրի հանդեպ խորը պատասխանատվության և հասարակ քաղաքացու՝ իր հայրենիքին տեր կանգնելու պարագայում», – հայտարարությունը եզրափակում է Րաֆֆի Հովհաննիսյանը: