Home / Հայաստան / 55-ամյա տղամարդը պահանջում է իր բնակարանը. ԴԱՀԿ-ն պարզաբանում է

55-ամյա տղամարդը պահանջում է իր բնակարանը. ԴԱՀԿ-ն պարզաբանում է

Մասնագիտությամբ ուսուցիչ, 55-ամյա Բեգլար Մկրտումյանը շուրջ 3 տարի է, ինչ զրկվել է բանկարանից և աղջկա հետ ապրում է վարձով:

2008 թվականի մայիսին, երբ վերջինս վաճառքի է հանել իր 3-սենյականոց բնակարանը՝ 67 քմ տարածքով,  «Ալմանախ» կրթահամալիրի տնօրեն Նունե Հարությունյանը, ով Մկրտումյանի քրոջ հարևանն ու ընկերուհին է, գնորդ է տարել Մկրտումյանի բնակարան:

«Նունեն այդ ընթացքում վաճառքի էր հանել կրթահամալիրը ու երբ իմացել էր, որ բնակարան են վաճառում, գնորդի հետ եկավ մեր տուն: Եկավ ու խնդրեց, որ  գումարն ամբողջությամբ տամ իրեն, քանի որ կրթահամալիրի համար պետք է գումար ներդներ ու խոստացավ ամենաուշը մեկ ամիս հետո ինձ բնակարան գնել: Տունս վաճառում էի 25 միլիոն դրամով, քանի որ ընտիր վերանորոգած էր, ես էլ համաձայնեցի, ու գնորդի ներկայությամբ գրավոր պայմանագիր կապեցինք», -պատմել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ Հարությունյանը նաև խոստացել է մինչև բնակարան գնելն ապահովել Մկրտումյանի վարձով բնակարանի ծախսերը:

«Նունեն ասաց, որ գնամ վարձով ապրեմ, մինչև դեկտեմբերի 15-ին իր մայրը՝ Անժելա Հարությունյանը, իրեն կես միլիոն դոլար կտա ու ինքը ինձ համար կգնի նոր բնակարան: Ես դուրս եկա ու գնացի վարձով ապրելու: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ լինելով հանդերձ՝ ամիսը 90.000 դրամ բնակարանի վարձ եմ վճարում: Նունեն 2-3 ամիս վարձը տվեց ու հետո ասաց, որ այլևս վճարել չի կարող: Դրանից հետո Նունեի մայրը գրավոր պարտավորագիր ներկայացրեց, որում նշվում էր, որ ինքը աղջկա բոլոր պարտավորությունները վերցնում է իր վրա՝ բնակարան գնել, վճարել բանկարանի վարձերը: Անժելա Հարությունյանի գրության տակ ստորագրեց հարսը», – պատմել է Մկրտումյանը:

Վերջինս նաև նշել է, որ այդ ընթացքում Անժելա ու Նունե Հարությունյանները վիճել են և միմյանց դեմ դատական հայց ներկայացրել:

«Ես դատի տվեցի մորը, մայր ու աղջիկ էլ իրար դատի տվեցին: Մայրն ասաց, որ Նունեն կեղծել է իր ստորագրությունն ու գաղտնի վերցրել կես միլիոն դոլարը: 2 տարի ձգվեց իրենց դատը, վերջում էլ հաշտվեցին, ես քաշվեցի: Դրանից հետո, երբ դատարանն իմ օգտին վճիռ կայացրեց՝ ոչ պակաս, քան 67 քմ, վերանորոգված,  սալիկապատված բնակարան գնեն ինձ համար: Իրենք բողոքարկեցին Վերաքննիչ դատարան, Վերաքննիչն էլ մերժեց», – պատմել է մեր զրուցակիցը:

Մկրտումյանը նշել է, որ ինքը առաջին ատյանի դատարանից գրություն է տարել ԴԱՀԿ:

«Ինձ զանգեց ԴԱՀԿ ներկայացուցիչ Տիգրան Մաճկալյանը, ու գնացի իր մոտ: Ըստ երևույթին, Մաճկալյանն արդեն հանդիպել էր Հարությունյաններին, դե իրենք էլ լավ փողատեր են ու իրենց կարելի է տեսնել, ասաց՝ «Բեգլար, դու գիտե՞ս չէ, որ պաբելկա փչած, հին՝ սովետական տարիների մետլախ, կաֆել արած բնակարանը համարվում է վերանորոգված, այ այդպիսի բնակարան կառնեն-կտան»: Ես զարմացած նայեցի ու հասկացա, որ Մաճկալյանը միակողմանի իրենց կողմն է պաշտպանում», – նշել է Մկրտումյանը:

Վերջինս ընդգծել է, որ ինքը զարմացել է, երբ Մաճկալյանն իրեն՝ որպես տուժող կողմի չի պաշտպանել:

«Ես Մաճկալյանին ասացի՝ «լավ, թող այդպես լինի», ու իր և Անժելա Հարությունյանի  հետ գնացինք բնակարան նայելու: Նորակառույց շենքի 7-րդ հարկում մի բնակարան էին տարել, վերելակ չկա, այդ մուտքում երևի մի հոգի է բնակվում, պատկերացրեք, որ իմ  22-ամյա աղջիկն աշխատանքից երեկոյան ժամը 10-ին պետք է գա ու 7-րդ հարկ բարձրանա: Հիմա այդ բնակարանն առել են, այնուհետ սեփականության վկայական են առել՝ 59 քմ, իսկ փաստաթղթով 70 քմ է: Լավ, այդ դեպքում ո՞ւր կորավ 11 քմ-ը, պարզ չէ՞, որ փողով են առել 70 քմ-ը», – հարցրել է մեր զրուցակիցը:

Համոզվելով, որ տարածքը շատ փոքր է՝ Մկրտումյանը հրաժարվել է բնակարանից:

«Մաճկալյանին ասացի, որ չափերը չեն համապատասխանում, այնպես բորբոքվեց, սկսեց գոռգոռալ վրաս: Ընկերս մի հարց տվեց, ասաց՝ «կներեք, այս բնակարանի քառակուսին ի՞նչ արժե»: Մաճկալյանն այնպես հարձակվեց ընկերոջս վրա, թե՝ «դո՞ւ ով ես, հլը դուրս գնա ստեղից»: Հետո ընկերոջս  դուրս հանեց բնակարանից ու գրություն գրեց, ես էլ ստորագրեցի, որ հրաժարվում եմ այդ բնակարանից», – պատմել է Մկրտումյանը:

Նա ընդգծել է, որ դրանից հետո ինքն առաջարկել է գնել նույն շենքի 3-րդ հարկում վաճառվող 61 քմ-ոց բնակարանը, ինչից Նունեն կտրուկ հրաժարվել է:

«Ասաց՝ «մայրս նույնիսկ չի էլ լսի այդ տան մասին»: Հիմա Նունեն դիմել է դատարան, ցույց է տալիս, որ բնակարանի գումարը 23 միլիոն 200.000 դրամ է, այնինչ իրենք գնել են 10 միլիոնանոց բնակարան: Վերջին անգամ զանգեցի Նունեին ու ասացի՝ «Նունե, ի՞նչ եք մտածում, դուք իմ ներվերի վրա՞ եք խաղում, չե՞ք ուզում բնակարան առնեք», ինքն էլ, թե՝ «առել ենք»: Չգիտեմ՝ ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ, փաստորեն ԴԱՀԿ-ն չի կատարում իր պարտավորությունները, հարկադիր կատարողը ստիպում է ինձ վերցնել այդ բնակարանը», – եզրափակել է Մկրտումյանը:

Նա նաև նշել է, որ դատարանը վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով Հարությունյաններին վճարել վարձավճարները:

«Դատարանը պարտավորեցրել է իրենց տալ բնակարանի վարձը՝ վարձավճարները հաշվելով 2010 թվականի մայիսից սկսած մինչև գործողության ավարտը, ինչը չեն անում, ԴԱՀԿ-ն շահագրգռված է, որպեսզի ես վերցնեմ այդ բնակարանն ու գործը համարեն փակված: Ինչի համար 67քմ-ի փոխարեն ես պետք է ապրեմ 59 քմ-ոց մութ բնակարանում», – եզրափակել է Մկրտումյանը:

 

Խնդրի վրեաբերյալ Epress.am-ը հարցում է կատարել ԴԱՀԿ և ստացել է հետևյալ պարզաբանումը:

«Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 07.06.2012թ. տրված կատարողական թերթի համաձայն՝ «Մասնավորապես, պետք է պարտավորեցնել Նունե Հարությունյանին և Անժելա Հարությունյանին համապարտության կարգով Բեգլար Մկրտումյանի համար գնել Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում վերանորոգված, ոչ պակաս 67 քմ բն.մակերեսով երկու սենյականոց բնակարան…»:

Պարզաբանման մեջ նշված է, որ կատարողական թերթի համաձայն Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում 11.06.2012թ. հարուցվել է կատարողական վարույթ և նույն օրը որոշում է կայացվել պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին:

«Կատարողական թերթի պահանջի կատարման շրջանակներում պարտապան Անժելա Հարությունյանի կողմից մի քանի անգամ Բեգլար Մկրտումյանին առաջարկվել են  տարբեր բնակարաններ Դավթաշեն թաղամասում, սակայն Բեգլար Մկրտումյանի կողմից այդ առաջարկները չեն ընդունվել: Փաստի առնչությամբ վարույթում առկա են համապատասխան արձանագրություններ»:

ԴԱՀԿ-ի նամակում ասվում է՝ ելնելով վերոգրյալից, Անժելա Հարությունյանը դիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ դատական ակտի կատարման եղանակի և կարգի փոփոխման մասին, սակայն նույն դատարանի 20.11.2012թ. որոշմամբ դիմումը մերժվել է:

«Հայտնում ենք նաև, որ դեկտեմբերի 18-ին պահանջատեր Բեգլար Մկրտումյանը ԴԱՀԿ ապահովող ծառայությանը գրավոր համաձայնություն է ներկայացրել այն մասին, որ դատարանի վճռով նախատեսված գնվելիք բնակարանի համար ոչ մի կապ չունի  բնակարանի հարկը, տեղայնությունը /հյուսիսային, հարավային/ և շուկայական արժեքը: Կից ներկայացնում ենք հիշյալ համաձայնության պատճենը»:

Պատասխանի մեջ նաև նշված է, որ թիվ ԵԿԴ/1269/02/10 կատարողական թերթի պահանջի կատարմանն  ուղղված կատարողական գործողությունները շարունակվում են: