Զորակոչիկ Գ.Վերանյանը հետազոտությունների արդյունքների հիման վրա նախկինում ստացել է տարկետում, սակայն այժմ նրան զորակոչում են ծառայության, հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ դա տեղի է ունենում այն դեպքում, երբ երիտասարդի մոտ առողջական վիճակի որևէ փոփոխություն չի եղել. տարկետման 6 ամիսների ընթացքում նա չի ենթարկվել բուժման: Վերանյանի ծնողները խնդիր առթիվ դիմել են Պաշտպանության նախարարություն, սակայն պատասխան դեռ չկա, մինչդեռ տղային կանչում են Վանաձորի զինկոմիսարիատ ծառայության զորակոչվելու նպատակով:
Ըստ ծնողների՝ Վերանյանի մոտ առավոտյան արթնանալիս առաջանում է ինքնազգացողության վատթարացում, սրտի զարկերի դանդաղում, որը սրվում է հատկապես ձմռան ամիսներին, գիշերային ժամերին, նա ունի նաև հաճախասրտություն:
«Պահանջում ենք պաշտպանական գերատեսչությունից անհապաղ քայլեր ձեռնարկել Գ. Վերանյանի և նման խնդիրներով այլ զորակոչիկների առողջական վիճակի համալիր և օբյեկտիվ վերափորձաքննություն իրականացնելու հարցում մինչ նրանց զինված ուժեր զորակոչելը, հակառակ դեպքում նրանց առողջական վիճակի վատթարացման և դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կկրի ՀՀ պաշտպանության նախարարությունը»,- ասված է իրավապաշտպանների տարածած հաղորդագրության մեջ: