Home / Հայաստան / Բնապահպանության նախարարն ասել է, որն է ոլորտի բացթողումը 2012-ին

Բնապահպանության նախարարն ասել է, որն է ոլորտի բացթողումը 2012-ին

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 2088,5 մլն դրամ: Խոսելով կատարված աշխատանքների մասին` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել է, որ այս տարի 317 միլիոն խ/մ ջուր բաց թողնելու հետևանքով Սևանա լճի մակարդակը բացասական բալանս չի արձանագրել, իսկ 2012-ի ընթացքում Սևան է բաց թողնվել 366 667 մանրաձուկ:

Որպես ձեռքբերում նախարարը նշել է «Արփի» լիճ ազգային պարկի շահագործումը, Թռչկանի ջրվեժի և 24 այլ բնության հուշարձանների անձնագրավորումը:

Հարցին, թե որն է նախարարության բացթողումը, նախարարը կատակել է, թե դա 366 667 մանրաձկների բացթողումն է Սևանա լիճ: Վերջինս չի բացառել, որ կան թերություններ, որոնք, սակայն, իրենք պատրաստակամ են շտկել, այդ թվում՝ հասարակական հատվածի աջակցությամբ:

Խոսելով Խոսրովի արգելոցի տնօրենի մասին՝ նախարարն ասել է, որ տոներից հետո իրենք կհայտարարեն մրցույթ և կընտրվի լավագույնը: Ինչ վերաբերում է տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանին, ապա, նախարարի խոսքով, նա ունի աշխատանքային մեծ փորձ և «լուրջ, կազմակերպված մարդ է»:

Խոսելով նաև Արարատյան դաշտի ստորեկրյա ջրերի արդյունավետ օգտագործման ապահովման մասին` նախարարն ասել է, որ ՀՀ Արմավիրի և Աարարատի մարզերում բացված թվով 34 հանձնարարագրերից 30 տնտեսվարող սուբյեկտ ենթարկվել է վարչական տույժի ընդհանուր 2,2 միլիոն դրամի չափով, այդ թվում 3 տնտեսվարողի ներկայացվել է ՀՀ բնապահպանական օրենսդրության խախտման հետևանքով շրջակա միջավայրի հասցված վնասի փոխհատուցման  պահանջ՝ 13,3 միլիոն դրամի չափով: