2013 թվականին կսկսվի Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ տարի կարդիականացվեն Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնները, իսկ Վանաձորում կկառուցվի 190 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ բժշկական նոր կենտրոն:
Կարևորելով մարզերում արդիական բժշկական կենտրոնների կառուցումը՝ նախարարը, սակայն, նշել է, որ մարզերում միայն հիվանդանոցներ կառուցելով առկա խնդիրները լիովին չեն լուծվում: Դումանյանի խոսքով՝ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հիվանդները չգան Երևան բուժվելու:
Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացվել ՀՀ կառավարությանը վերանայել 2013 թվականի բյուջեով պետպատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն ի օգուտ մարզերի:
Դումանյանն ընդգծել է, որ այս պահին բժշկական կադրերը բաշխված են խիստ անհամաչափ՝ գերհագեցում Երևանում և ազատ հաստիքներ մարզերում, որոնց թիվը 255-ն է:
Մարզային բուժհաստատություններում բժշկական օգնության որակը բարձրացնելու նպատակով՝ Երևանի բազմապրոֆիլ բժկական կազմակերպությունները և երրորդ մակարդակի ծննդատները կցվել են մարզային բժշկական կենտրոններին:
Նախարարն ասել է, որ այս տարվա հոկտմեբերի սկզբից այդ հիվանդանոցների մասնագետներն այցելել են ՀՀ բոլոր մարզեր ու անհրաժեշտ բուժում նշանակել ավելի քան 8500 հիվանդի: