Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում երեկ քաղխորհրդի նիստ է տեղի ունեցել, որտեղ քննարկվել է նախագահի ընտրություններին մասնակցության ձևաչափը: Քաղխորհրդի նիստում որոշում է ընդունվել, որը, ըստ Լևոն Զուրաբյանի, որոշակի կոնսուլտացիաներից հետո կհրապարակվի այսօր:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, սակայն, Կոնգրեսում քննարկումների արդյունքում հանգել են բոյկոտի տարբերակին: Եվ եթե մինչև վաղը փոփոխություններ չլինեն, չի բացառվում, որ Կոնգրեսը հայտարարի ընտրությունները բոյկոտելու և որևէ մեկի թեկնածությունը չպաշտպանելու մասին: Քաղխորհրդի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից թերթը փորձել է պարզել, եթե ՀԱԿ-ն ընտրի բոյկոտի տարբերակը, հնարավո՞ր է իրենք էլ դուրս գան ՀԱԿ-ի կազմից և պաշտպանեն Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Մակեյանն ասել է, որ Բագրատյանին կամ որևէ այլ թեկնածուի սատարել-չսատարելու հարցն իրենք կքննարկեն հունվարի կեսին կայանալիք իրենց կուսակցության քաղխորհրդի նիստում և հիմա որոշակի ոչինչ ասել չեն կարող:
Ըստ «Հրապարակի»՝ ՀԱԿ-ի երեկվա քաղխորհրդի նիստին Մակեյանը, ինչպես նաև «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը չեն մասնակցել: «Ժողովրդավարական հայրենիք»-ից մասնակցել է կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը, ով, Մակեյանի խոսքով, ներկայացված նախագծին հիմնականում կողմ է արտահայտվել: Սակայն երեկվա ներկայացվածը, Մակեյանի պնդմամբ, վերջնական որոշումը չի եղել: Ավարտուն տեսքով որոշումը կհրապարակվի այսօր: