Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները և արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը՝ Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ հետևողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որևէ հնարավորության ոչնչացմամբ: Այս մասին ասված է Հայ Ազգային ԿՈնգրեսի տարածած հայտարարության մեջ, որը վերաբերույմ է 2013 թվականի փետրվարի կայանալիք ընտրություններին:
«Հակառակ Հայաստանի հասարակությանը և միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին, հիմնովին կեղծվեցին 2009 թվականի Երևանի ավագանու, 2012 խորհրդարանական, ինչպես նաև այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր տեսակի ՏԻՄ ընտրությունները:
Հինգ տարվա ընթացքում կատարելագործվել է ընտրակեղծարարության մեքենան: Երկրում ստեղծվել է պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանման և բազմակի քվեարկության հանցագործ մի համակարգ, որին աջակցում են պետական կառավարման և իրավապահ բոլոր մարմինները, ինչպես նաև իշխող կուսակցությունը: Ընտրությունների կեղծման գլխավոր գործիքն է ըտնրողների ցուցակը, որն ուռճացված է մոտ 700000 ընտրողների ձայներով: Իշխանությունը տապալեց Ազգային Ժողովում ներկայացված Հայ Ազգային Կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Ժառանգություն կուսակցությունների միացյալ ջանքերը` արմատապես փոխելու ընտրական համակարգը երկրում և ապահովելու օրինական, թափանցիկ, ազատ եւ արդար ընտրություններ` հաշվի չառնելով նաեւ միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության պահանջները: Ըստ էության, ոչնչացված է մրցակցային ընտրությունների մեխանիզմը, ահաբեկվում են ընդդիմությանը սատարող գործարարները, 500-ից 700 հազար ձայների կեղծումով իսպառ բացառվել է ընտրություններով իշխանություն փոխելու որևէ հնարավորություն:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայ Ազգային Կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը», – նշված է Կոնգրեսի հայտարարության մեջ: