Home / Հայաստան / Տարիների ընթացքում պայքարող խաբված բնակարանատերերին կարող են տուն տալ. նրանք զարմացած են

Տարիների ընթացքում պայքարող խաբված բնակարանատերերին կարող են տուն տալ. նրանք զարմացած են

Նախորդ հինգշաբթին՝ դեկտեմբերի 20-ը, Արամի 72-80 շենքի բնակիչներն իրենց համար հիշարժան են համարում. կորցրած բնակարանների համար երկար տարիների պայքարը կարող է վերջապես հանգուցալուծվել՝ ի օգուտ նրանց: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը:

Այդ օրը՝ առավոտյան ժամը 8.30-ից, խաբված բնակարանատերերի մի խումբ որոշել է անհանգստացնել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով, բնակիչների խոսքով, «այնպես է իրենց մոլորեցրել, որ անգամ մոտենալ չեն կարողացել»:

«Վարչապետը, փոխանակ սովորույթի համաձայն մեքենայով կառավարության շենք մտներ հետնամուտքից, ոստիկանների միջամտությամբ այնպիսի հնարք կիրառեց, որ կարողացավ կենտրոնական մուտքից հանգիստ մտնել շենք, սակայն մոտենալ չկարողացանք», – պատմել է մեր զրուցակիցը:

Վերջինս նշել է, որ վարչապետին հանդիպելու անհաջող փորձից հետո իրենք որոշել են հանդիպել ՀՀ ֆինանսների նախարար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Գաբրիելյանին, ով հրաժարվել է ընդունել ակցիայի մասնակիցներին:

«Ստիպված եղանք մեզ մի քիչ անկարգ պահել՝ աղմուկով  ու ոստիկանների պահպանությունն արհամարելով բարձրացանք վերև: Աղմուկն, իհարկե, ոչ բնական էր ֆինանսների նախարարության համար: Ժամը 8.30-ից մինչև երեկոյան ժամը 5-ը մեզ համոզում էին որ դուրս գանք, սակայն դուրս չէինք գալիս: Ժամը 5-ին մեզ զանգում է ֆինանսների նախարարի խորհրդական՝ Հայկ Դավթյանը, այն չարաբաստիկ Դավթյանը, ով մեզ միշտ վատ լուրեր է ասում, բայց, չգիտես ինչու, մեզ համար շատ անսպասելի  ու զարմանալի արտահայտություն արեց: Ասաց, որ բանկի հետ արդեն պայմանագիր են կնքում, ու եթե մենք ցանկանում ենք՝ կարող ենք գնալ ու նայել», -պատմել է Մաղաքյանը:

Նրա խոսքով՝ զանգից հետո ինքը վազքով գնացել է նախարարություն:

««Եվրոբանկի» երկու ներկայացուցիչ և «Լոգիկոն» բիզնես-առողջացման կենտրոնի տնօրեն Վահե Պետրոսյանը իսկապես պայմանագրեր են ստորագրելիս եղել: Երբ ուշքի եկա, բացատրեցին, որ պայմանագիր է կնքվում, որպեսզի «Հրազդան» մարզադաշտի դիմաց գտնվող համալիրը՝ «Դալմայի շենքեր է» կոչվում, որը չորս մուտք ունեցող բարձրահարկ շենք է, «Լոգիկոն» ՍՊԸ-ն գնում է, որպեսզի հետագայում բաժանի Արամի 72-80 շենքերի խաբված, դուրս մնացած գնորդներին», -նշել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ինքը չափազանց զարմացել է:

«Զարմանքից սկսեցի մարդկանց նկարել, փաստաթուղթը նկարել, իրենց նկարել, բայց որքան հասկացանք՝ լուրջ էր արարողությունը, եկավ նաև ֆինանսների նախարարը, շնորհավորեց մեզ և ասաց, որ մեր տնավորման գործընթացը արդեն սկսվում է», -պատմել է խաբված բնակարանատերը:

Մաղաքյանի հավաստմամբ՝ նախարարն անկեղծ խոստովանել է, որ չորս տիպի խնդիր ունեցող շենքեր կան, որ ամենաբարդը մեր հարցն էր ու շատ զարմանալի է, որ լուծվում է միայն մեր հարցը:

«Այնքան էլ զարմանալի չէ, այլ խիստ տրամաբանական է, որովհետև միայն մենք ենք անգհանգստացնում ու կազմակերպված պայքարում, բայց որքան հասկանում եմ՝ արդյունքը ակնկալելի է, որովհետև մենք անձամբ հարցը դրել ենք թե կառավարության, թե նախագահի առաջ: Կատարվածը տեսնելով, երևի վերջապես հիշեցին, որ մենք էլ հայ ենք  ու մարդ ենք ու որոշեցին մեր պահանջը բավարարել, տեսնենք՝ ի՞նչ կլինի», – ասել է  մեր զրուցակիցը:

Նա նաև նշել է, որ իրենց ուրիշ ոչինչ հայտնի չէ, պարզապես տեղեկացել են, որ բնակարանները ստանալու առավելագույն ժամկետը նշանակել են մինչև 6 ամիս:

«Տեսնենք՝ ի՞նչ արդյունք կունենանք, սպասենք՝ կերևա, բայց որ սառույցը հալվում է՝ ակնհայտ է», – եզրափակել է Մաղաքյանը:

Հիշեցնենք, որ Արամի փողոցում բնակվող բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Դեպքի առնչությամբ անցյալ տարվա վերջին քրեական գործ են հարուցել, Պապոյանը ձերբակալվել է: