Տասնամյակներ ի վեր Ֆրանսիայի Պրովանս նահանգի Նիս և Կանն քաղաքներում հայ համայնքը հանգիստ ապրել է, իսկ համայնքի ներկայացուցիչներն իրենց արժանավոր տեղն են ունեցել տեղական իշխանություններում: Սակայն համայնքում սկսել են լուրջ խնդիրներ ծագել, երբ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում քահանա է դարձել Հայաստանից ժամանած Տեր Վաչեն (ներմայումս Ստրասբուրգի թեմի հոգևոր հովիվ): Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Պրովանսի և Նիսի հայ համայնքների ատենապետ և տեղական ինքնակառավարման մարմիններում համայնքի լիազոր ներկայացուցիչ Գասպար Գայաճանյանը՝ խոսելով համայնքի պատմության և առկա խնդիրների մասին:
Ներկայացնելով համայնքի պատմությունը՝ նա նշել է, որ Նիս և Կանն քաղաքաներում հայ ընտանիքները հայտնվել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո: Ջարդերից մազապուրծ եղած հայերը Նիսում բնակություն են հաստատել և ստեղծել են հայկական թաղամաս, որտեղ էլ 1928 թվականին կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը մինչ օրս գործում է: Այն ժամանակ այդ վայրում բնակություն են հաստատել հիսուն ընտանիք: Գայաճանյանի խոսքով՝ համայքնը շատ հարգված է եղել տեղացիների կողմից:
Հաջորդ ներգաղթյալների ալիքը գրանցվել է 1960-1970 թվականներին, երբ մի քանի հարյուր ընտանիք եկել են Կ.Պոլսից (Ստամբուլից): Նորեկները սկսել են աշխատել եկեղեցում և տարբեր միություններում: Նիսում հայ ընտանքիների հաջորդ ալիքն էլ եկել է Հայաստանից և Ռուսաստանից արդեն 80-90-ականներին:
Ատենապետի խոսքով՝ համայնքի երկրորդ շունչը բացվել է այն ժամանակ, երբ կառուցվել է Պարսամյան համալիրը 1988 թվականին: Համալիրի կառուցման հիմնական գումարը նվիրաբերել է բարերար Թորոս Պարսամյանը՝ 5 միլիոն ֆրանկ, ևս 1 միլիոն ֆրանկ նվիրաբերել են այլ բարերարները:
Գասպար Գայաճանյանի խոսքով՝ համայնքում խաղաղ կյանքն ավարտվել է Տեր Վաչե քահանայի ժամանումից հետո:
Ատենապետը նշել է, որ տեր Վաչեն քահանա է դարձել 2001 թվականին, և նրա պաշտոնավարման առաջին տարիներին ամեն ինչ սահուն է եղել, սակայն որոշ ժամանակ հետո համայնքում սկսել են խնդիրներ ծագել: Գայաճանյանի խոսքով՝ պատճառը քահանան էր, ով ցանկացել է ամեն ինչ ղեկավարել և փոխել եկեղեցական վարչության ծրագիրն ու կանոնադրությունը:
Ըստ կանոնադրության՝ կրոնական հարցերով զբաղվել է միայն քահանան, իսկ այլ խնդիրներով վարչության անդամները:
«Տեր Վաչեն կազմեց փոքրիկ խումբ՝ մաֆիայի պես, վարչության դեմ: Ուզում էր, որ Հայաստանից Ֆրանսիա եկող հայերը համայնքի, իսկ ապա նաև եկեղեցու վարչության մաս կազմեին: Եվ այնպես էր այդ մարդկանց մոտ ներկայացրել, իբր մենք չենք ուզում իրենց օգտակար լինել: Մենք չենք կարող ֆրանսիական իշխանությանն ասել՝ այս մարդուն թուղթ տուր, որ կարողանա այստեղ մնալ, որ գործ ունենա որպես փախստական, սա անթույլատրելի է, մենք օրինական երկրում ենք ապրում: Մենք ընդամենը կարող էինք նամակ ուղարկել, և ասել, որ այս ընտանքիը շնորհքով ընտանիք է, որ կարողանան պահել կամ օգնել: Բայց մենք ուժ չունենք կառավարությանն ասել՝ սա արա, այն արա: Վաչեն այս նոր մարդկանց ասել էր, որ իբր թե հայ համայնքը չի սիրում իրենց և չի ուզում օգնել, բայց լրիվ հակառակն է եղել, մենք մեր նամակներն ուղարկել ենք, և Վաչեի ասածը սուտ էր: Կառավարությունը մեզ պատասխանել էր, որ «մինչ դուք ասում եք՝ լավ ընտանիքներ են, կառավարությունը գտել է, որ նրանց մեջ կային մարդիկ, որ կեղծ թղթեր ունեն, իսկ դուք չգիտեք»:
Քահանան շատ անշնորհք մարդկանց հետ էր կապվել, որոնցից մի քանիսը Ֆրանսիայում բանտ էին նստել: Տեր Վաչեն խումբ կազմեց իր կողքին: Մենք գիտենք մի անուն՝ ապարանցի Միրոն և Միրոյի բարեկամները (նկատի ունի 49-ամյա Միհրդատ Ասատրյանին, ով Տեր Վաչե քահանայի հետ 2012 թվականին անցնում էր թղթադրամներ կեղծելու գործով: Առաջին ատյանի դատարանում դատավորը նրանց մեղավոր չի ճանաչել, այժմ դատախազությունը դիմել է Վերաքննիչ դատարան):
Այս մարդիկ միշտ հավաքվում էին եկեղեցու տակ գտնվող Օշական սրահում, և այդ ընթացքում մեզ արգելել էին այդ սրահ մտնել: Եվ իրենք այդտեղ մաֆիայի ձևով ծրագրեր էին կազմում, որ աշխատեն: Նրանք այնտեղ ուզածի պես քեֆ կարող էին անել: Եվ այդ ընթացքում միայն իրենց մարդիկ էին մտնում դուրս գալիս: Նոր եկած հայերից էին այնտեղ մտնում, նրանց ամբողջ բանակը նոր եկածներն էին», – նշել է ատենապետը:
Վերջինիս խոսքով՝ տեր Վաչեն այդ մարդկանց լարել է վարչության անդամների դեմ, որի հետևանքով մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այդ խումբը ամիսներով վախի մեջ է պահել Նիսի հայ համայնքին:
«Մենք այպիսի բան չենք տեսել ու չէինք կարող պատկերացնել, որ նման բան կարող էր լինել արտասահմանում, բայց եղավ այդպես Նիսում», – ասել է Գասպար Գայաճանյանը:
Ատենապետը պատմել է, որ մի օր, երբ ինքը և եկեղեցական խորհրդի նախագահը մտել են եկեղեցի, Տեր Վաչեն ընդմիջել է պատարագը ու վռնդել է իրենց՝ ասելով. «Դուք իրավունք չունեք եկեղեցի մտնել»:
Նա նշել է, որ այս խնդրի հետ կապված իրենք բազմաթիվ նամակներ են ուղարկել նաև Գարեգի Բ կաթողիկոսին, սակայն վերջինս երբևէ գրավոր չի պատասախանել համայնքին, ինչից էլ համայնքի ներկայացուցիչները հետևություն են արել, որ այդ ամենը կաթողիկոսի գիտությամբ է եղել:
«Եկեղեցու դռան մոտ միշտ մարդիկ էին կանգնում և չէին թողնում ներս մտնենք: Միրոն էլ կանգնում էր եկեղեցում մոտ իր խմբով: Ֆրանսիայի թեմի արքեպիսկոպոսն էլ տեղեկություն ուներ նրա մասին, ինչ կատարվում էր Նիսում, քանի որ մենք թեմին լուր էինք տվել, որ մեր տեր հայրն այսպիսի անկարգություններ է անում: Ամեն ինչին տեղյակ էին, բայց ոչ մի բան չէին ձեռնարկում: Գիտեր նաև Գարեգին Բ-ն, ասում էին մենք ձեր կողքին ենք, բայց մատը մատներին չէին տալիս»,- ասել է ատենապետը:
Լարված իրավիճակը շարունակվել է այնքան ժամանակ, մինչև ընտրվել է եկեղեցական նոր վարչությունը: Վարչության ընտրության օրը ևս մեծ վեճ է եղել, որի հրահրողը, Գայաճանյանի խոսքով, եղել է Տեր Վաչեն:
Նա ցանկացել է, որ վարչության մեջ ընդգրկվեն մարդիկ, որոնք չեն համապատասխանել վարչության կանոնակարգին, իսկ եկեղեցական վարչության հնաբնակ անդամները դեմ են եղել:
Գայաճանյանը նշել է, որ իրենց, այնուամենայնիվ, հաջողվել է ընտրել նոր վարչություն և նոր քահանա ունենալ, բայց, այդուհանդերձ, հայկական համայնքի ատենապետի խոսքով, ինքը շատ վիրավորված է տեղի ունեցածից, քանի որ դրա հետևանքով իրենք «նույն ուժը չունեն ֆրանսիական կառավարության մոտ»:
«Մինչ այս դեպքերը հայերը համարվել են օրինապաշտ և օրինակելի քաղաքացիներ, իսկ հիմա ֆրանսիական թերթերը գրում են, որ Նիսում հայկական մաֆիա կա, մի քանի թափթփուկների երեսից»,- ասել է համայնքի ատենապետը:
Գայաճանյանը տեղեկացրել է, որ համայքնում շատ մարդիկ կան, որոնք «կարող են այս խմբի արաքների մասին բազմաթիվ այլ փաստեր ներկայացնել»: