Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն ու ակտիվիստներն այսօր 2012-ի վերջին ուրբաթօրյա բողոքի ակցիան են անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին և արդարացման դատավճիռ կայացնել Կոնգրեսի երեք ակտիվիստներ Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործով:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում տեղեկացրել է, որ հինգ տարվա մեջ իրենք մոտավորապես 200 անգամ հավաքավել են դատախազության մոտ: Նրա խոսքով՝ աշխարհում չկա որևէ ժողովուրդ, որևէ երկիր, որևէ ընդդիմություն, որ այսքան դիմանա, այսքան լավատես լինի, այսքան հույսը դնի իր վրա: Մանուկյանը նշել է, որ Կոնգրեսն այդ առումով ռեկորդակիր է:
«Իհարկե, իշխանություներն էլ ռեկորդակիր են իրենց հաստակողությամբ, բթամտությամբ ու իրենց համառությամբ՝ մարդկանց պահելու բանտերում, մարդկանց հետապնդելու, երկիրը ամայացնելու առումով ռեկորդակիր են: Երեկ Ադրբեջանը 14 քաղբանտարկյալ է բաց թողել: Որևէ իշխանություն, եթե նամուս ունի մի փոքր, պարտավոր է այնպես անել, որ քաղբանտարկյալ չլինի և յուրաքանչյուր մարդ իր օջախում Նոր տարին դիմավորի: Եվ այս բանը ես ասում եմ հինգ տարի անընդհատ, հինգերորդ անգամն է, որ ես հայտարարում եմ, որ չի կարելի մարդուն պահել իր օջախից հեռու: Բոլորը գիտեն, որ Տիգրանը մեղավոր չէ, այն տղաները, որոնք հիմա վտանգի տակ են և ամեն վայրկյան նրանք կարող են կալանավորվել, նրանք ոչնչով մեղավոր չեն: Ամեն օր պառլամենտում տասնապատիկ անգամ հանցագործություններ են կատարվում, ամեն օր ռեստորաններում կրակում են, ամեն օր իրար սատկացնում են, ինչ այլանդակություն ասես՝ անում են, և նրանցից ոչ մեկը չի պատժվում»,- ասել է Արամ Մանուկյանը:
Ամփոփելով նաև քաղաքական տարին՝ ՀՀՇ վարչության նախագահը նշել է, որ իշխանություններն ամայացրել են նաև քաղաքական դաշտը և ամենևին պատահական չէր, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը՝ ամենամեծ քաղաքական ուժերը, չեն մասնակցում քաղաքական ամենակարևոր միջոցառանը՝ նախագահական ընտրություններին:
«Դա, ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ի չուզե՞լն էր, Դաշնակցությունը չէ՞ր ուզում մասնակցել, Հայ Ազգային Կոնգրեսը կամ Լևոն Տեր-Պետրոսանը չէ՞ին ուզում մասնակցել: Ամենևին, բոլորն էլ ուզում էին: Հայաստանում ստեղծված է այն քաղաքական վիճակը, այն մթնոլորտը, իշխանություններն այնքան են ամայացրել ամեն ինչը, որ արդեն քաղաքական ուժերն այդ ակցիային չեն ուզում մասնակցել: Բայց սա, սիրելի ժողովուրդ, ոչ թե հրաժարական է պայքարից, այլ պայքարի նոր ձև է: Լևոն Տեր-Պետրոսյանը մնում է Շարժման գլուխ, Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է ղեկավարել ամբողջ Շարժումը, և այս նոր որակը, այն նոր որակը, որ տարվա վերջին արձանագրվեց՝ որ քաղաքական ուժերը չեն մասնակցում այդ ակցիային, սա լուրջ ահազանգ է եվրոպացիներին՝ ականջ ու աչք չունեցող եվրոպացիներին:
Եվրոպացիները ունեն մի այսպիսի կարևոր գնահատկան բոլոր ընտրությունների հետ կապված, ընտրությունները մրցակցային էին, թե ոչ: Եթե ընտրություններում չկա մրցակից՝ էդ ընտրություները արդար չեն, ուրեմն դրանք ընտրություններ չեն: Ու՞մ հետ է ընտրություն լինելու՝ Սերժի և Սերժի, դա ընտրություն չի, Սերժի և Սերժի միջև ընտրություն չի կարող լինել, ուրեմն արձանագրում ենք, որ այս պահին քաղաքական դաշտը մրցակցային չէ», – ասել է Արամ Մանուկյանը:
Ի հավելումն՝ նա ասել է, որ այս քաղաքական իրավիճակը երկար ձգվել չի կարող, իշխանությունների այն ծրագիրը, որ պետք է մասնակցեն և իրենց հին մեթոդներով պետք է վերարտադրվեն՝ իրականություն չի դառնալու, և այժմ իշխանություններն ավելի շատ պարտված են, քան կպարտվեին ընտրությունների ժամանակ:
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Արեգ Գևորգյանը նույնպես ելույթ է ունեցել՝ նշելով, որ այս տարիների ընթացքում իրենք ցույց են տվել իրենց վճռականություն, կամք և պատրաստակամություն պայքարելու մինչև վերջ:
«Մենք ցույց ենք տվել, որ մահակներով, բանտերով ոչ մի դեպքում իշխանություններին չի հաջողվելու մեզ ծնկի բերել, ստրկացնել կամ կանգնեցնել մեր պայքարը: Մենք հետևողականորեն պայքարելու ենք մեր ընկերների ազատության համար: Եվ այսօր այստեղ կանգնած մարդիկ դրա վառ ապացույցն են»,- ասել է Գևորգյանը:
Խոսելով նաև նախագահական ընտրությունների մասին՝ վերջինս նշել է, որ փետրվարի 18-ին ինքը և իր ընկերներից շատերը գնալու են ընտրատեղամաս, իրենց քաղաքացիական անհնազանդութունն են հայտնելու ընթացող ընտրությունների նկատմամբ:
«Մենք մեր քվեաթերթիկները անվավեր դարձնելով՝ դրանց վրա գրելու ենք ՀՀ միակ նախագահի անունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը», – ասել է Արեգ Գևորգյանը: