Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը 3 տարի առաջ բողոք է ներկայացրել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի և նրա տնօրեն Գեորգի Օկոևի դեմ, ով, ըստ Կարապետյանի, իր կնոջ՝ Նունե Մաղաքյանի արգանդի վիրահատության ժամանակ կարել է նրա միզածորանը՝ առողջ երիկամը հանելու և հետագայում վաճառելու պատրվակ ստեղծելու համար: Այսօր այս մասին տեսանյութ էր տարածել «Չենք լռելու» նախաձեռնությունը: Epress.am-ի հետ զրույցում Կարապետյանը հաստատել է այդ փաստը և կասկածելի համարել, որ երեք տարվա ընթացքում ոչ քրեական գործ է հարուցվել, ոչ էլ բողոքը մերժվել է: Նրա խոսքով՝ այս ամենը վկայում է այն մասին, որ Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա:
Epress.am-ին չհաջողվեց կապ հաստատել բժկական կենտրոնի տնօրենի հետ, իսկ ոստիկանությւոնից հայտնեցին, որ քրեական գործ հարուցվել է (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), սակայն քանի որ հետաքննությունը շարունակվում է, մանրամասներ հաղորդել չեն կարող:
Կարապետյանն իր հերթին ասել է, որ դիմել է ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
Ըստ ամուսնու՝ Նաիրի բժշկական կենտրոնում Նունեին վիրահատել են, սակայն արդեն 9 օր կարած միզածորանով ապրելուց հետո՝ երիկամի աշխատանքը հնարավոր չի եղել վերականգնել:
Երիկամը հեռացնելուց առաջ Կարապետյանների ընտանիքը պահանջել է օրգանն իրենց տրամադրել, ինչի վերաբերյալ հիվանդանոցի հետ գրավոր համաձայնություն կա: Սակայն վիրահատությունից հետո հիվանդանոցը հրաժարվել է տրամադրել երիկամը՝ պատճառաբանելով «փորձաքննության» անցկացմամբ:
Կարապետյանի խոսքով՝ միզածորանը «իբր թե անզգուշորեն կարելը և սկիզբն էր այն շղթայի, որը հետագայում երիկամը հեռացնելու և այն վաճառելու հիմք պետք է դառնար»:
Կարապետյանը պնդում է, որ կա իրար հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող բժիշկների գործողությունների անուղղակի ապացույցը. առաջին վիրահատությունը ետին թվով ձևակերպվել է որպես պետպատվեր, չնայած ընտանիքը վճարունակ է: «Այդ պետպատվերը նրանք գողացել են մի ընչազուրկ ընտանիքից, իսկ մնացած երկու վիրահատությունների գումարն էլ բժիշկները խոստացան փոխհատուցել առձեռն: