ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի վարչակազմին ուղղված ստորագրահավաքի պաշտոնական կայքում հայցադիմում է բացվել, որով ԱՄՆ նախագահին խնդրում են կոչ անել Թուրքիայի կառավարությանը բացել հայ-թուրքական սահմանը: Դիմումի հեղինակը կամ հեղինակները, որոնց անունը կայքում նշված չէ, հիմնավորում են նախաձեռնությունն այն փաստով, որ սահմանի բաց լինելն անհրաժեշտ է Սիրիայում բնակվող 200.000 հայերի փրկության համար, ովքեր Հայաստանում ապաստան ստանալու նպատակով պետք է կարողանան անցնել Թուրքիայի տարածքով:
«Ավելի քան 60.000 մարդ է սպանվել Սիրիայում ընթացող պատերազմում: 500.000 փախստականներ փախչելով փրկվել են պատերազմից ու մահից: Բայց միլիոնավոր մարդիկ չեն կարողանում անել դա: Շատ քիչ ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնում Սիրիա, տոմսերի քանակն էլ խիստ սահմանափակ է: Հիմնականում, մարդիկ փախչում են Սիրիայից ավտոբուսներով և մեքենաներով: Ուստի, մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային, որ վերջինս բացի իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ (առնվազն փախստականների համար) առանց որևէ նախապայմանների: 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն»,- գրված է հունվարի 5-ին ԱՄՆ Սպիտակ տան կայքում տեղադրված հայցադիմումի տեքստում:
Հայացադիմումին կարելի է միանալ այստեղ:
Ստորագրահավաքի կարգի մասին ծանուցագրում նշված է, որ Բարաք Օբաման անդրադառնում է յուրաքանչյուր նախաձեռնության, որը որոշակի ժամանակի ընթացքում հավաքել է ավելի քան 25 հազար ստորագրություն: Հունվարի 8-ի ժամը 12.10-ի դրությամբ տվյալ հայցադիմումին կողմ է եղել 304 մարդ: Այս դեպքում 25000 ստորագրությունն անհրաժեշտ է հավաքել մինչև փետրվարի 4-ը: