Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները լինելու են ընտրություններ հին ու նոր, «Սերժի» և «Րաֆֆիի» Հայաստանների միջև, և այդ իրադարձությանը չմասնակցողները կամա թե ակամա աջակցելու են քաղաքական հնազանդությանը և իշխանությունների վերարտադրմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հորդորում եմ բոլորին, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի անդամներին, ինչպես նաև ՀՀԿ-ի չկողմնորոշված անդամներին մասնակցել ընտրություններին իրենց խղճի մտոք: Ամենահեշտը տանը նստելն է: Հորդորում եմ նաև Սերժ Սարգսյանին ուշադիր լինել իմ երկու անգամ ուղղած նամակի հանդեպ: Եթե նա չկատարի դրա 15 կետերը և չազատի հասարակական, մեզ պատկանող մարմինները իշխանական քարոզչությունից, ընտրություններն իսկապես կանխորոշված կլինեն: Սերժ Սարգսյանն ունի մոտ 10 օր այդ պահանջը կատարելու և հավասար դաշտ ստեղծելու համար, այլապես պետք է հրաժարական տա»,- ասել է Հովհաննիսյանը:
«Ժառանգության» նախագահն ասել է, որ ինքը հարգում է բոլոր թեկնածուներին՝ հատկապես Պարույր Հայրիկյանին և Հրանտ Բագրատյանին, որոնք կանգնած են ՀՀ անկախության ակունքներում: Եթե ընտրությունները արդար անցնեն, Հովհաննիսյանի խոսքով, ինքը պատրաստ է շնորհավորել հաղթողին կամ շնորհավորանքներ ընդունել, իսկ եթե կեղծվեն, պայքարը շարունակելու է այլ կերպ՝ չբացառելով հանրահավաքներն ու ցույցերը:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական նշանաբաններն են լինելու «Մեկ անգամ միասին» և «Հնարավոր է»: Նրա խոսքով՝ այլ կարգախոսեր նույնպես կմշակվեն:
Նշենք նաև, որ ամերիկյան System of a Down ռոք խմբի նախկին մենակատար, երաժիշտ Սերժ Թանկյանն այսօր Facebook-ի իր էջում գրել է, որ ուրախացել է՝ տեղեկանալով, թե Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Երաժիշտը հիշեցրել է, որ Հովհաննսիյանը կարևորում է Թեղուտի անտառի պահպանումը: