ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
ՀՀ Դատախազության լրատվալան ծառայության փոխանցմամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության վերաբերյալ նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև 2009թ. հունիսի 2-ին կնքված Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզերի անտառային հողերի անտառապատման ծրագրի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության պատասխանատու աշխատակիցները 2009թ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով կատարել են հավելագրումներ` յուրացնելով խոշոր չափի գումար:
Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան այն պաշտոնատար անձինք, ովքեր պարտավոր են հսկելու և ստուգելու կատարված աշխատանքների որակն ու ծավալը, իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: