Home / Հայաստան / Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում. մասնագետը բացատրել է եղանակային փոփոխությունները

Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում. մասնագետը բացատրել է եղանակային փոփոխությունները

Տարվա այս ժամանակահատվածի համար կայծակը թեև աննախադեպ չէ, սակայն խիստ հազվադեպ դիտվող երևույթ է, ինչն էլ գրանցվեց այս գիշեր. առաջիկայում կայծակ, միանշանակ, չի սպասվում: Այս մասին Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Այս գիշեր որոտացած կայծակը արդյունք է հենց այն բանի, որ այս պահին հանրապետությունում, մասնավորապես, Արարատյան դաշտավայրում տարվա այս ժամանակահատվածի համար գրանցվել է բավական բարձր ջերմաստիճան, այսինքն՝ տաք մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորվեց կայծակ», – ասել է մասնագետը:

Պետրոսյանն ընդգծել է, որ նախորդ տարիների համեմատ առայժմ արտառոց ոչինչ չկա, և ամեն ինչ նորմայի սահմաններում է, թեև կտրուկ տաքացումը ավելի բարձր է, քան թույլատրելի էր:

«Այս գիշեր դիտվեց տաք օդի ներթափանցում հարավից հանրապետության տարածք, ամենուրեք 10-12 աստիճանով օդի ջերմաստիճանը բարձրացավ ու առավելագույն ջերմաստիճանը մայրաքաղաքում հասավ մինչև 8 աստիճան տաքության: Այժմ Երևանում 6 աստիճան տաքություն է, գիշերը դիտվել է 4 աստիճան տաքություն», -ասել է կենտրոնի ղեկավարը:

Նրա խոսքով՝ բարձր ջերմաստիճան է դիտվել նաև հանրապետության մնացած տարածքներում:

«Իրադրությունն այսպիսին է՝ հյուսիսից ցուրտ օդի ներթափանցում է կատարվում դեպի հարավ, որը այնուհետև աստիճանաբար բարձրանում է մեր հանրապետության տարածք: Առաջիկա 3 օրում հանրապետության շրջանների մեծ մասում՝ կարելի է ասել ամենուրեք, սպասվում են տեղումներ, հովտային շրջաններում  կլինեն տեղումներ ձնախառն անձրևի տեսքով, այնուհետ կփոխվի ձյան, իսկ լեռնային, նախալեռնային շրջաններում կդիտվի ձյուն: Աստիճանաբար արևմուտքից այս պրոցեսը տեղափոխվելու է դեպի արևելք, սկզբում տեղումները դիտվելու են  Շիրակում, Լոռիում, Արարատյան դաշտում, անուհետև դեպի Վայոց ձոր և Սյունիք», -նշել է մեր զրուցակիցը:

Պետրոսյանն ընդգծել է, որ մինչև հունվար 11-ի գիշերը տեղումները կպահպանվեն Վայոց ձորում և Սյունիքում, իսկ 11-ի առավոտյան հանրապետությունում ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ:

«Տեղումների դադարին կհաջորդի ջերմաստիճանի էական նվազումը: Հունվարի 11-ի գիշերն արդեն օդի ջերմաստիճանը բավական ցածր կլինի: Եթե առաջիկա գիշերը հովտային շրջաններում սպասում ենք 0-3, իսկ լեռնային շրջաններում 8-13 աստիճան ցուրտ, ապա ամսին 11-ի գիշերը Շիրակում կլինի 15-20, մնացած լեռնային շրջաններում 13-18, իսկ Արարատյան դաշտում և մայրաքաղաքում 6-10 աստիճան ցուրտ: Արդեն ամսի 12-ին  ջերմաստիճանը կնվազի ևս մի քանի աստիճանով, իսկ 13-ին կմնա նույնը», – ասել է մասնագետը:

Ամփոփելով վերը նշվածը՝ Պետրոսյանն ասել է, որ 8-ին, 9-ին, 10-ին հանրապետությունում ամենուրեք սպասվում է ձյուն՝ ժամանակ առ ժամանակ, 11-ին՝ տեղումների դադար, 11-ից 13-ը՝ առանց տեղումների եղանակ և խիստ ցածր ջերմաստիճան:

Еpress.am-ը զրուցել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանի հետ, ով տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ օդանավակայանում եղանակի հետ կապված խնդիրներ չկան, ու չվերթներ չեն դադարեցվել: Նրա հավաստմամբ՝ առատ ձյունը չի խաթարել օդանավկայանի բնականոն աշխատանքը:

«Բոլոր չվերթներն իրականացվել ու իրականացվում են, եթե կան չեղյալ համարված չվերթներ, ապա դրանք ավիաընկերությունների խնդիրն են, այլ ոչ եղանակի»,- ասել է Աբրահամյանը: