ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավիրած այսօրվա արտահերթ նիստի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածուներ Պավլիկ Սարգսյանը և Ռոբերտ Սիմոնյանը վիճել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
Արտահերթ նիստի օրակարգում դրված էր թեկնածուներ՝ Տարոն Աբրահամյանի, Ռոբերտ Ահարոնյանի, Ռուբեն Այվազյանի, Մհեր Հայրապետյանի, Արամ Հարությունյանի, Նարինե Մկրտչյանի, Պավլիկ Սարգսյանի և Ռոբերտ Սիմոնյանի կողմից 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին որպես ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու համար ներկայացված փաստաթղթերի քննարկման մասին հարցը: Նրանցից 7-ը չեն ցանկանում վճարել 8 միլիոն դրամի ընտրագրավը, որն անհրաժեշտ է առաջադրման համար, իսկ Մհեր Հայրապետյանն առաջարկում է գրավի չափը դարձնել 50 հազար:
Նիստի ժամանակ Մուկուչյանին երկար ժամանակ չէր հաջողվում լռեցնել Սարգսյանին (նկարում) և Սիմոնյանին: Նրանք, յուրաքանչյուրն իր հերթին, նշում էին, որ չեն պատրաստվում վճարել սահմանված ութ միլիոնի ընտրագրավը, քանի որ Սահմանադրության մեջ նման կետ չկա:
Պավլիկ Սարգսյանի ելույթը
Ռոբերտ Սիմոնյանը նաև ասում էր, որ Սերժ Սարգսյանը խախտել է օրենքը, քանի որ պետք է դադարեցներ ՀՀ նախագահի իր լիազորություններն առաջադրվելուց հետո: Մուկուչյանը նշում էր, որ վերջիններս խախտում են նիստի վարման կարգը, սակայն Սիմոնյանն ու Սարգսյանը պնդում էին, որ ԿԸՀ նախագահը պետք է լսի իրենց ու չխախտի նրանց ազատ արտահայտման իրավունքը: Զայրացած Մուկուչյանը սկսել է ուշադրություն չդարձնել Սիմոնյանի ու Սարգսյանի վրա՝ շարունակելով նիստը, միևնույն ժամանակ թեկնածուները շարունակում էին նիստը վարողի հետ զուգահեռ խոսել:
Ռոբերտ Սարգսյանի ելույթը
Թեկնածուներից Արամ Հարությունյանը և Ռուբեն Այվազյանը չէին ներկայցել նիստին, թեև, Մուկուչյանի խոսքով, նրան ծանուցագիր ուղարկվել էր:
Նիստի ընթացքում ԿԸՀ-ն որոշում է կայացրել 8 անձանցից 7-ին 48 ժամ տրամադրել փաստաթղթղերում եղած անճշտությունները վերացնելու համար: Թեկնածու Մհեր Հայրապետյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ավելի ուշ այսօրվա ընթացքում, քանի որ Հայրապետյանն ընտրագրավը նվազեցնելու մասին առաջարկությունն ուղարկել է ԿԸՀ, սակայն ԿԸՀ-ն այն չի ստացել և հանձնաժողովների անդամները պետք է քննարկեն այն մեկ ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ընտրագրավը վճարել են և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հանձնել են ՀՀ նախագահի 7 թեկնածուներ՝ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և էպոսագետ Վարդան Սեդրակյանը: