Դեկտեմբերի 19-ին ավարտվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված վերջնաժամկետը, որի ընթացքում այս տարվա փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում ԺՀՄԻԳ-ի դիտորդ լինել ցանկացողները կարող էին ներկայացնել իրենց փաստաթղթերը: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթը նշում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պաշտոնապես հայտարարել է, որ դիտորդների առաջին խումբը պետք է Երևան ժամանի հունվարի առաջին տասն օրվա ընթացքում, այսինքն՝ մոտ օրերս:
Ընդհանուր աշխատանքը պետք է տևի մոտավորապես 8 շաբաթ: Թերթի նշում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից րնտրությունները դիտարկում են երկու տեսակի դիտորդներ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Ընտրություններից շաբաթներ առաջ ժամանում են երկարաժամկետ դիտորդները, իսկ արդեն ընտրությունների շեմին՝ կարճաժամկետ դիտորդները:
Նախընտրական շրջանի մեկնարկից առաջ ԺՀՄԻԳ-ը ներկայացնելու է իրավիճակը գնահատող զեկույցը, նախընտրական շրջանում՝ մի քանի միջանկյալ զեկույցներ, իսկ րնտրությունների ավարտից մոտ երկու ամիս անց էլ՝ վերջնական զեկույցը: Առայժմ չի նշվում, թե ով է ղեկավարելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը: