Home / Տեսանյութեր / Երեխան փախել էր մանկատնից իրեն ծեծող դաստիարակի պատճառով. վերջինս կարգապահական տույժի է ենթարկվել

Երեխան փախել էր մանկատնից իրեն ծեծող դաստիարակի պատճառով. վերջինս կարգապահական տույժի է ենթարկվել

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցը ինքնակամ լքած 9-ամյա Տիգրան Պապիկյանի գործով։   Գրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 20-ին  սոցիալ մանկավարժական խորհրդի նիստի արդյունքում Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցի դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, իսկ հաստատությունը երեխայի կողմից ինքնակամ լքելու պատճառները հետաքննվում են ՀՀ ոստիկանության կողմից: Այս մասին հայտնում են ՄԻ Պաշտպանի գրասենյակից:

Տիգրան  Պապիկյանը Պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ այժմ  գտնվում է  ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում, որտեղ ստանում է  հոգեբանական, սոցիալական աջակցություն, գտնվում է  համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, ապահովված է  սննդով և հագուստով, մինչ պարզվեն  երեխայի` գիշերօթիկ հաստատությունից  փախուստի բոլոր հանգամանքները:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, Տիգրանը փախել էր գիշերօթիկ հաստատությունից:  Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները երեխային գտել էին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում, որտեղ նա պատմել է, որ գիշերօթիկի դաստիարակներից մեկը` ընկեր Լիլիթը, պարբերաբար ծեծել է նրան, ինչի հետևանքով նա փախել է գիշերօթիկից: