Ոստիկանությունում խոշտանգումների ենթակված 23-ամյա Հայկ Կարապետյանին այժմ նորից կալանքի ենթարկելու վտանգ է սպառնում: Այսօր Կարապետյանի պաշտպան Անի Թորոսյանը Epress.am-ին հայտնել է, որ դատախազը վերաքննիչ բողոք է բերել Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի որոշման դեմ, որով Կարապետյանը դեկտեմբերի 31-ին ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ դատավորը իր որոշմամբ մերժել էր քննիչի միջնորդությունը՝ երկամսյա կալանքը երկարացնելու մասին: Ըստ պաշտպանական կողմի՝ առաջին կալանավորման մասին որոշումը ևս անօրինակ է եղել: Նույն դատավորը նախկինում կայացրել էր Կարապետյանին կալանավորելու մասին որոշում՝ մատնանշելով շուրջ 10 փաստաթղթեր՝ վկաների ցուցմունքներ, փորձաքննություններ, որոնք, ըստ Թորոսյանի, գործում չկային: Այդ որոշման մասին փաստաբանի բողոքն այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Կարապետյանի հարազատները պատմել էին, որ հոկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ այցելել են իրենց տուն, խուզարկել են այն ու Կարապետյանին տարել ոստիկանության բաժին, իսկ մի քանի օրից նրան մեղադրել էին թմրանյութերի իրացման մեջ և երկամսյա կալանքի էին ենթարկել: Կարապետյանի հարազատներն ու պաշտպանը տեղեկացրել էին, որ ոստիկանությունում Կարապետյանին դաժան ծեծի էին ենթարկել: