«Շարմ» հոլդինգը ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության շրջանակներում ներկայումս նոր երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանում: «168 ժամի» թղթակիցը փորձել է պարզել, թե հայ երգիչ-երգչուհիներից ովքե՞ր են երգելու և նկարահանվելու տեսահոլովակում:
Երգչուհի Լեյլա Սարիբեկյանն ասել է, որ առաջին անգամ է նման բան լսում. «Ինձ ոչինչ չի առաջարկվել»: Հարցին, թե առաջարկ լինելու դեպքում կերգե՞ք, նա պատասխանել է. «Ընդհանրապես ոչ մի քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակի համար չեմ երգել: Երգելու համար պետք է երգն արժեքավոր լինի կամ իր մեջ ինչ-որ հետաքրքիր բան պարունակի: Դրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ինձ ամեն ինչի մեջ չեն ընդգրկում, որովհետև գիտեն, որ ես էլ չեմ ցանկանում ամեն ինչի մեջ լինել»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ թերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ տեսահոլովակը վաղուց է նկարահանվել, որտեղ ինքն էլ է երգել և նկարահանվել:
«Շատ հայտնի ու սիրված արտիստներ են երգել, այդ թվում` Նունե Եսայան, Լիլիթ Հովհաննիսյան, Միհրան Ծառուկյան, Հայկո և այլք»,- ասել է պատգամավորը: Հարցին, թե ովքե՞ր են երգի խոսքերի և երաժշտության հեղինակները, Շուշան Պետրոսյանը պատասխանել է. «Խոսքերի հեղինակին չգիտեմ, կոմպոզիտորի անունն էլ Ալբերտ է, ազգանունը չեմ հիշում»: Իսկ թե երբ կլինի երգի պրեմիերան, ԱԺ պատգամավորը չգիտի: