Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը վերջնական որոշում է կայացրել չմասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ անհննար է համարում ընդդիմադիր որևէ թեկնածուի հաղթանակը: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը և նշել, որ ուժային, ընտրական տեխնոլոգիաների առումով Սերժ Սարգսյանը մրցակից չունի:
«Այնպես որ, շարմազանովներն ու պալատական թութակները չեն սխալվում: Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը ընտրություններին, ապա դա պատմական անհրաժեշտություն էր, սակայն գաղափարական առումով ինձ հավասար մարդիկ այդ մրցույթում չկան: Երկրորդ պատճառը չառաջադրվելու այն է, որ ընտրական օրենսգիրքը Հայաստանում խարսխված է 3 հանցագործ օղակների վրա՝ կոռուպցիա, խնամակալություն՝ Հալեպցի Լևոնը ծնեց Վազգենին, Արցախի Ռոբին Հուդը ծնեց Սերժ Սարգսյանին և այլն, և բարոյահոգեբանական տեռոր», – ասել է Հակոբյանը:
Մարքսիստը, սակայն, վստահեցրել է, որ ինքը ավելի շատ բան է անելու 2013 թվականին, քան նախորդ 10 տարվա ընթացքում, և անհրաժեշտության դեպքում «մեջլիս» դուրս կգա: Իսկ այն հարցին, թե այդ անհրաժեշտությունը որ դեպքում կարող է ստեղծվել, Դավիթ Հակոբյանը պատասխանել է. «Եթե ես մտնեի պայքարի մեջ, ես գնալու էի հեղափոխության, իսկ ինձ համար ամենամեծ հեղափոխությունը գին չունի, եթե մի երեխու արտասուք պետք է բերի: Սակայն թագավորը մի տարի էլ չի կարող դիմանալ, եթե քաղաքական, տնտեսական ուղեղների շքախումբ չձևավորի իր շուրջ: Արդեն տերտերական օծումների ժամանակն անցել է: Նախագահը պետք է նոր դոկտրինա առաջարկի Արցախի հարցի մասին, կոմպլեմենտարիզմը արդեն չի ընդունվում միջազգային հանրության կողմից, նախագահը պետք է ընտրի Եվրասիական միությո՞ւն, թե՝ Եվրամիություն: Իրավիճակը պահանջում է ազգի կոնսոլիդացիա: Հեղափոխություններն անթույլատրելի են, իշխանափոխությունը պետք է լինի փափուկ»,- ասել է Դավիթ Հակոբյանը: