47-ամյա Արա Հունանյանի սպանության հետ կապված մանրամասները «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրել է սպանվածի քույրը՝ Դիանա Հակոբյանը: Սպանության մասին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել երեկ: Ըստ թերթի՝ Դիանայի պատմածից երևում է, որ ոստիկանությունը հերթական անգամ, մեղմ ասած, թերացել է իր գործողություններում:
Դիանա Հունանյանը թերթի թղթակցին պատմել է, որ եղբայրը շրջապատի կողմից եղել է սիրված, հարգված, նա փայլուն կերպով վերանորոգում էր հին արտադրության մեքենաներ: Նրա աղջիկը նոր է ծննդաբերել և ընտանիքը չգիտի, թե ինչպես նրան հոր մահվան մասին լուրը հայտնի, իսկ որդին դեկտեմբերի 30-ին էր վերադարձել բանակից:
Արան ծանոթ է եղել Սերգո Ե.-ի հետ, ում տնակի ետնամասում էլ գտել են նրա դին:
Քույրը նրանց հարաբերությունները հետևյալ կերպ է նկարագրել. «Աշխատում էր Սերգոյին ճիշտ ուղու վրա կանգնեցնել, տիրություն էր անում, Ամանորին խմիչք, սնունդ էր տանում, և նա էլ իրան վերջում մասնատեց»:
Դիանան պատմել է, որ հունվարի 3-ին Արան տանից դուրս է եկել և չի վերադարձել, ու հունվարի 4-ին ընտանիքը դիմել է ոստիկանություն: Արայի քույրը լուրջ դժգոհություններ ունի Մալաթիայի ոստիկանության քննչական բաժնի անձնակազմից, որոնք, իր խոսքով, եղբորը գտնելու համար մի քանի օր ոչինչ չեն ձեռնարկել:
«Առաջին օրվանից հայրս ասում ա՝ առաջին հերթին Սերգոյին գտեք, իրան էր պահում, առաջին օրվանից նրա տեղը ցույց ա տվել, ու ոչինչ չեն արել, բացարձակ, հեռախոսազանգերի վերծանում չեն արել՝ ոչ ելքերի, ոչ մուտքերի, նոր հունվարի 8-ին արդեն բոլորը (ոստիկանները) հայտնվեցին այգում», – ասել է Դիանա Հունանյանը՝ նշելով, որ եղբոր դին գտել է իր հայրը.
«Հայրս ա ոտքով զգացել, ոտքը կպել է ինչ-որ բանի… ինչ-որ ծառ ա տնկած եղել վրան, գտնվել է փաթեթավորված, մասնատված, իրար կողքի դրված»:
Հայրը չի համարձակվել նայել, թե ինչ կա ճյուղերի տակ, անմիջապես ահազանգել է ոստիկանություն: Ըստ հարևանների և Դիանա Հունանյանի՝ հետախուզման մեջ գտնվող Սերգոն նախկինում նույնպես մարդ է սպանել և 80-ականներին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Հարևանների պատմելով՝ Արան և Սերգոն բաժակի ընկերներ էին, Սերգոն կին և երեխաներ ունի, բայց բաժանված է: Դիանա Հունանյանի խոսքով՝ երբ Արայի տղան գնացել է բանակ, Արան «պասիվ դեպրեսիայի» մեջ է գտնվել և սկսել է օգնել Սերգոյին:
Թերթի տեղեկություններով՝ այն մարդիկ, ովքեր մշտապես այցելել են Սերգո Ե-ի տուն իրենց «դարդերը» մոռանալու, հունվարի 8-ին արդեն հարցաքննվել են: