ՀԱԿ նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը հնարավոր չի համարում հետընտրական շրջանում «տիտղոսային» ընդդիմության` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի` միասնական ճակատով հանդես գալը: «Ես դա երբեք հնարավոր չեմ համարել, առավել ևս` հետընտրական այնպիսի իրավիճակ չի ձևավորվելու, որը նրանց թույլ կտա միասնական գործողություններ անել: Նրանք միասնաբար կարողացան ուղղակի չմասնակցել ընտրությունների: Որևէ ակտիվ գործունեության շուրջ նրանց միասնականությունը տեսանելի չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է Սուրենյանցը:
Փետրվարի18-ին նախագահական ընտրություններում Սուրենյանցն իր քվեն տալու է Հրանտ Բագրատյանին:
«Հրանտ Բագրատյանի մասնակցությունն այս ընտրություններին շատ կարևոր եմ համարում այն համատեքստում, որ նա կարողանա ընտրարշավը որպես առիթ օգտագործել աջ ուժերի լուրջ ֆորմատ ձևավորելու համար: Եթե այդ խնդիրը կարողանա լուծել պարոն Բագրատյանը, ապա ընտրություններից հետո մենք կունենանք շատ լուրջ ազատական դաշտ, որը շատ մեծ հավակնություններ կարող է ցուցաբերել 2017´2018թթ ընտրություններում»:
«Առավոտը» Սուրենյանցից հետաքրքրվել է` որքանով է հավանական համարում Հրանտ Բագրատյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելը, մանավանդ եթե նկատի առնենք ՀՀԿ-ականների այն պնդումները, որ թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար, իսկ ՀԱԿ-ական տարբեր ակտիվիստներն ու երիտասարդները սոցիալական ցանցերում կարծիքներ են հայտնում, որ դա լինելու է երկրորդ տեղի համար Բագրատյանի պարգևը:
«Իմ կարծիքով՝ նման խոսակցություններով շատ հայտնի շրջանակներն ուղղակի փորձում են վարկաբեկել պարոն Բագրատյանին: Ես գրեթե բացառում եմ, որ պարոն Բագրատյանը որևէ ստատուսով մասնակից կդառնա իշխանությանը: Դա տրամաբանական չէ թե երկրում ստեղծված քաղաքական դասավորվածության հետևանքով, թե պարոն Բագրատյանի ու իշխանության պատկերացումների էական տարբերության պատճառով»,-ասել է Սուրենյանցը` հղում անելով ՀՀ Սահմանադրությանը և հիշեցնելով, որ որևէ վարչապետ պետք է վայելի խորհրդարանական մեծամասնության աջակցությունը:
«Կարծում եմ, որ պարոն Բագրատյանն այն գործիչը չէ, որը կհամաձայնի վարչապետ աշխատել իրեն խորթ մեծամասնության պարագայում»,- հավելել է Սուրենյանցը: