ՀՀ նախագահի թեկնածուներ Մհեր Հայրապետյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Պավլիկ Սարգսյանը, Նարինե Մկրտչյանը, Ռուբեն Այվազյանը, Ռոբերտ Աբրահամյանը այսօր՝ ժամը 14.00-ի դրությամբ, չեն կարողացել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել ընտրագրավի անդորրագիրը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
«Նշված հնարավորությունից օգտվել է միայն թեկնածու Արամ Հարությունյանը, ով մուծել է ընտրագրավը, մնացած 7 թեկնածուները չեն ներկայացրել ընտրագրավը վճարելու մասին անդորրագիրը», – նշել է մեր զրուցակիցը:
Սա նշանակում է, որ 7 թեկնածուները կարող են զրկվել 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Այս մասին որոշում կարող է կայացնել ԿԸՀ-ի նիստը: Հարությունյանի խոսքով՝ համաձայն ԿԸՀ սահմանած ժամանակացույցի, նիստը պետք է հրավիրվի մինչև հունվարի 14-ը, որի ընթացքում էլ կիրականացվի թեկնածուների գրանցումը:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հաձնաժողովը, նախագահի այն թեկնածուներին, որոնք չէին մուծել 8 միլիոն ընտրագրավը, 2 օր առաջ 48 ժամ էր տրամադրել, որպեսզի վերջիններս ներկայացնեն բոլոր փաստաթղթերը, այդ թվում ընտրագրավը:
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել առաջադրված թեկնածու Պավլիկ Սարգսյանը՝ պահանջելով օգնել իրեն Ընտրական օրենսգրքով նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավի պահանջը հակասահմանադրական ճանաչելու գործում:
Համաձայն ՄԻՊ գրասնեյակի հաղորդագրության, քաղաքացու դիմումն անմիջապես ընդունվել է քննարկման, որի մասին տեղյակ է պահվել նաև դիմումատուն։
«Դիմումն ուսումնասիրվել է Պաշտպանի աշխատակազմի իրավաբանների կողմից, որի արդյունքում չի հայտնաբերվել սահմանադրականությունը վիճարկելու որևէ հիմք:
Օրենսդրությամբ հստակ նախատեսվում է ընտրվելու իրավունքի իրացման նախապայման՝ նախագահի թեկնածուների համար ընտրական գրավի ինստիտուտ,որը կազմում է նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկը: Ընտրագրավը ընդունված է բազմաթիվ ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Կանադա և այլ երկրներ։
Առհասարակ ընտրագրավը երաշխիք է, որ նախագահի թեկնածուն իրականում վայելում է հասարակության որոշ զանգվածի աջակցությունն ու վստահությունը: Ուստի այն չի կարող դիտարկվել որպես իրավունքի սահմանափակում և/կամ խախտում», – նշել է ՄԻՊ գրասենյակը:
Նշենք, որ եթե ԿԸՀ նիստում որոշվի չգրանցել վերոնշյալ 7 թեկնածուներին, ապա պայքարի մեջ կմնան 8-ը՝ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և էպոսագետ Վարդան Սեդրակյանը: