ՀՀ ոստիկանությունը «պարզել է», որ նոյեմբերի 27-ին, երբ, ըստ մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդին «Բելաջիո» ռեստորոնի տարածքում հանդես է եկել կրակոցներով, ռեստորանն ընդհանրապես փակ է եղել և հաճախորդներ չի ունեցել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Այս մասին ասված է եղել ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված նամակում: Թովմասյանը հարցում էր արել՝ արձագանքելով ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ միջադեպի մասին ՀՀ կառավարությանն ուղղված հարցին, և ստացված պատասխանը փոխանցել էր վերջինիս:
Անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին Փաշինյանը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ Սաշիկ Սարգսյնի որդու` Նարեկի գործով ՀՀ ոստիկանությունն օրենքով սահմանված միջոցառումներ չի ձեռնարկել՝ անտեսելով մամուլի հրապարակումները, որոնք հանցագործության մասին հաղորդում են հանդիսանում:
«ՀԺ»-ն նշում է, որ իր պատասխանում Վլադիմիր Գասպարյանը Հրայր Թովմասյանին հավաստիացնում է, որ, չնայած նոյեմբերի 27-ին «Բելաջիո» ռեստորանային համալիրի տարածքում կռվի, որևէ մեկին մարմնական վնասվածք պատճառվելու կամ կրակոցներ արձակելու մասին ոստիկանության ստորաբաժանումներում որևէ հաղորդում չի ստացվել, ոստիկանության Կենտրոնական բաժինը դեկտեմբերի 2-ին թերթի հոդվածն ընդունել է որպես ահազանգ, գրանցել հերթապահ մասի թիվ 2 մատյանում և կատարել համապատասխան ստուգումներ:
Ոստիկանապետը նշել է, որ զննվել են հարակից տարածքում տեղակայված հիվանդանոցների կրիմինալ մատյանները, սակայն հանցագործության որևէ դեպք չի հայտնաբերվել:
Թերթը, սակայն, նշում է, որ, ոստիկանապետի նամակում առկա Կենտրոնականի բաժնի հետաքքնիչ Ն.Ավետյանի կազմած եզրակացությանը ծանոթանալով, ցրվում է ոստիկանության՝ նախագահական տոհմական շահերի պաշտպան լինելու վերաբերյալ թեկուզ փոքրիկ կասկածները:
«Այսպես, հետաքննիչը նախ շատ տրամաբանական հավաստիացում է արել, որ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարակից տարածքները զննելու արդյունքում արնանման հետքեր և պարկուճներ չեն հայտնաբերվել: Ոստիկանությունը բացատրություն է վերցրել ռեստորանային համալիրի մենեջեր Հովհաննես Մերջանյանից, ով նշել է, որ նոյեմբերի 27-ին եղել է «Բելաջիոյում», սակայն ռեստորանը… փակ է եղել՝ «հաճախորդներ չունենալու պատճառով»: Տեսախցիկների հսկիչ Գևորգ Խաչատրյանն էլ հայտնել է, որ ռեստորանային համալիրի հարակից տեսախցիկի կարգավորումներն այնպես են արված, որ… տեսաձայնագրություններ չի պահպանվում, քնաի որ «դրված է օնլայն ռեժիմի վրա»: Եթե հավատանք սրան, ապա «Բելաջիոյում» ընդունում են, որ իրենց տեսախցիկները ձևական են, և իրենց մոտ անվտանգությունը, մեղմ ասած, զրոյական մակարդակի վրա է», – գրում է թերթը:
Նամակում նաև առկա է «Բելաջիոյի» «ստայանշիկ» Ս Անդրեասյանի ցուցմունքը, ով հայտնել է, որ նոյեմբերի 27-ին ինքն ամբողջ օրը գտնվել է ավտոկայանատեղիում, այդ օրը ռեստորանը փակ է եղել, ուստի ավտոկայանատեղիում մեքենաներ չեն եղել: Բոլոր պարզաբանում տվողները վստահաբար նշել են, որ եթե համալիրի տարածքում միջադեպ տեղի ունենար, իրենք տեղյակ կլինեին:
Թերթը հիշեցնում է, որ Հրայր Թովմասյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասել էր, թե պարտադիր չէ, որ ոստիկանությունը թերթի հրապարակման հիման վրա գործողություններ սկսեր:
«Հիմա ստացվում է, որ ոստիկանությունը ոչ ավել, ոչ պակաս հրապարակման հաջորդ օրը «նախաձեռնել է» համապատասխան գործողություն, ինչի մասին, սակայն, ոչինչ ասված չէ նույնիսկ ոստիկանության պաշտոնական կայքում: Չմոռանանք, որ հարցն ավելի քան հանրային նշանակություն ուներ, և ոստիկանությունն իրավունք չուներ լռելու, հատկապես, երբ «Բելաջիոն» փակ էր»», – նշում է «Հայկական ժամանակ»-ը: