Այսօր՝ ժամը 05.32-ին, Լոռու մարզի Խնկոյան գյուղ բնակչուհի՝ հղի, 37-ամյա Մ. Մադոյանին անհրաժեշտ է եղել հիվանդանոց տեղափոխել, սակայն «1-03» ծառայությունից հայտնել են, որ ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության աշխատակիցները չեն կարող հասնել կանչի վայր:
Օգնություն ցուցաբերելու համար կանչի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն Լուսաղբյուր գյուղի մոտ ավտոճանապարհը դարձել է անանցանելի, և հրշեջ-փրկարարները ճանապարհի 7 կմ-անոց հատվածը շարունակել են ոտքով: Ժամը 07.10-ին կապ է հաստատվել Մ. Մադոյանի ամուսնու հետ, ով իմանալով, որ «1-03» ծառայության կողմից որոշում է ընդունվել ծննդկանին տեղափոխել Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, պնդել է, որ իր կնոջը տեղափոխեն Գյումրիի բժշկական կենտրոն, ինչը անհնարին է ճանապարհի անանցանելիության պատճառով: Ժամը 07.15-ին որոշում է ընդունվել,որ հրշեջ-փրկարարները հետ վերադառնան: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:
Epress.am-ը զրուցել է Խնկոյան գյուղի գյուղապետ Վարուժան Համբարձումյանի հետ, ով տեղեկացրել է, որ առավոտյան ժամը 7.30-ին կրկին դիմել են փրկարարների օգնությանը:
«Փրկարարների հետ հղի կնոջը գյուղից ոտքով տարել ենք մինչև Լուսաղբյուր՝ մոտ 7 կմ, այնուհետ, Սպիտակ գյուղի տարածքում, որտեղ ճանապարհն արդեն անցանելի էր, տաքսիով կնոջը ճանապարհեցինք Գյումրի: Բարեհաջող կերպով տեղ են հասել, այժմ ամբողջ գյուղով լավ լուրի ենք սպասում», – ասել է գյուղապետը: