Home / Հայաստան / Անօրեն նախագծի համար ընկերությունը պատիժ չի կրել. նամակ ոստիկանապետին

Անօրեն նախագծի համար ընկերությունը պատիժ չի կրել. նամակ ոստիկանապետին

«Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի հողաշինարարական աշխատանքները փաստացի կատարվել են «Իջևանի» և հնարավոր է նաև «Արջատխլենու» արգելավայրերի անտառապատ տարածքում, ինչը զարմանալիորեն ՀՀ պետական լիազոր մարմին ճանաչված ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մինչ օրս չի պարզվել: Այս մասին Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված նամակում գրում են «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Նամակում հիշեցվում է նաև, որ բացահայտումն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ պարզվել է, որ Բնապահպանության նախարարությունը ակնհայտ սուտ տեղեկատվություն է տվել բնապահպաններին. այն է՝ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի փաստաթղթերը հանձնվել են հուլիսի 4-ին, մինչդեռ փաստ է, որ հանրային լսումները մարզի Ենոքավանի գյուղապետարանում տեղի են ունեցել այդ օրվանից 20 օր հետո՝ հուլիսի 24-ին:

«Ուսումնասիրելով «Էռա» ՍՊԸ-ի կողմից մշակված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագիծն ու դրա բնապահպանական մասը, պարզել ենք ակնհայտ սխալ և իրարամերժ բազմաթիվ տվյալներ ու տեղեկություններ: Այդ աշխատանքային նախագիծը տրամադրվել է և՛ «Մեգաէներջի» ՍՊԸ-ին, և՛ «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին:  Հետաքրքիրն այն է, որ «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի փորձագետները, առանց որևէ հիմնավորման, տեղազննման և արգելավայրերի սահմանները ճշտելու, «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրամադրել են բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն՝ փաստացի հաստատելով «ԷՌԱ» ՍՊԸ-ի անհիմն ու անհեթեթ աշխատանքային նախագիծը, ինչն էլ կանաչ լույս է հանդիսացել «Մեգաէներջիի» հետագա գործունեությունն իրականացնելու համար: Ավելին՝ «Մեգաէներջիի» կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում պարզ է դառնում, որ այն իրականացվում է Գետահովիտ համայնքի վարչական տարածքում, իսկ հողահատկացման և շինարարության թույլտվությունները տրվել են Ենոքավան համայնքի ղեկավարի կողմից»,- ասված է ոստիկանապետին ուղղված նամակում:

Բնապահպանները նշել են, որ «Էռա»-ն մինչ օրս որևէ պատասխանատվություն չի կրել և այդ սխալը պետք է շտկել:

«Ինչպես դուք եք Ձեր խոսքում հաճախ նշում, հարգելի պարոն ոստիկանապետ. «Անպատժելի մարդ չկա մեր երկրում, բոլորը կրում են պատասխանատվություն»: Բայց փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում խոսքն ու գործը միմյանց հետ չեն համընկնում»,- ոստիկանապետին դիմելով՝ գրել են բնապահպանները:

Լուսանկարում՝ այն հատվածը, որտեղ սկսվել էին շինարարական աշխատանքները և անտառի միջով ճանապարհ էր բացվել: