ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը գրավոր միջնորդություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ ծառայողական քննություն կատարելու և իրենց աշխատանքներում թերացած ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի համապատասխան աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ Արա Հունանյանի սպանության դեպքի առթիվ, որի դիակը հայտնաբերվել է նույն օրը «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում։
Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Հայկ Հունանյանը 2013թ. հունվարի 4-ին հաղորդում է տվել ոստիկանության Մալաթիայի բաժին այն մասին, որ որդին հունվարի 3-ին՝ ժամը 14-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել։ Հայտարարությունը վերցնելուց հետո ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից միայն մակերեսային բացատրություն է վերցվել Հայկ Հունանյանից, որտեղ նկարագրվել է որդու՝ տանից դուրս գալու օրը, ժամը և հագուստները:
Բացի վերը նշվածից, Արա Հունանյանին հայտնաբերելու ուղղությամբ այլ գործողություն չի իրականացվել:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Արա Հունանյանի քույրը՝ Դիանա Հակոբյանը, լուրջ դժգոհություն էր հայտնել Մալաթիայի ոստիկանության քննչական բաժնի անձնակազմից, որոնք, իր խոսքով, եղբորը գտնելու համար մի քանի օր ոչինչ չեն ձեռնարկել:
«Առաջին օրվանից հայրս ասում ա՝ առաջին հերթին Սերգոյին (Սերգո Երեմյանը ձերբակալվել է – խմբ.) գտեք, իրան էր պահում, առաջին օրվանից նրա տեղը ցույց ա տվել, ու ոչինչ չեն արել, բացարձակ, հեռախոսազանգերի վերծանում չեն արել՝ ոչ ելքերի, ոչ մուտքերի, նոր հունվարի 8-ին արդեն բոլորը (ոստիկանները) հայտնվեցին այգում», – ասել է Դիանա Հունանյանը՝ նշելով, որ եղբոր դին գտել է իր հայրը. «Հայրս ա ոտքով զգացել, ոտքը կպել է ինչ-որ բանի… ինչ-որ ծառ ա տնկած եղել վրան, գտնվել է փաթեթավորված, մասնատված, իրար կողքի դրված»: