Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բողոքի ակցիա է կազմակերպվել՝ բանակում խոշտանգումների ենթարկված և սպանված 18-ամյա զինվորի դեպքի առթիվ:
Դեռևս մինչև ակցիան մասնակցության պատրաստակամություն էր հայտնել Facebook-ի 16.000 օգտագեր: Ընդդիմադիր բլոգերների գնահատականներով՝ ակցիային, սակայն, մասնակցել են մի քանի հազար մարդ: Որոշ լրատվամիջոցներ խոսում են 300 մասնակցի մասին: Բլոգերները նշում են, որ այսօր իշխանություններն աննախադեպ թվով ոստիկանական և զինվորական ուժեր էին հանել քաղաքի կենտրոն:
Ակցիային մասնակցել են նաև բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները: Ակցիայից առաջ Bloomberg գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատանը, գրել էր, որ հնարավոր են բախումներ ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև: Այդ կանխատեսումներն իրականացել են. Turan գործակալության հաղորդմամբ՝ հայտնի է մինչև 20 մարդու ձերբակալության մասին: Բլոգերում և սոցցանցերում գրում են, որ ձերբակալվածների թիվն ավելի մեծ է:
Մասնակիցներին արդեն դուրս են մղել Շատրվանների հրապարակից: Ոստիկանները մարդկանց բաժանում են փոքր խմբերի և ցրում են քաղաքի տարբեր հատվածներով:
Հիշեցնենք, որ զինվոր Ջեյհուն Գուբադովը մահացել է հունվարի 7-ին: Պաշտոնական վարկածով՝ նա սրտի անբավարարություն է ունեցել, սակայն, հարազատների խոսքով, տան մահացել է դաժան ծեծի հետևանքով: Համացանցում հայտնվել են զինվորի խոշտանգված մարմնի նկարները, սակայն Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ նկարները կեղծ են:
CNN-ի փոխանցմամբ՝ զինվորի մայրը՝ Սամիրա Գուբադովան, պատմել է, որ որդու դին բերել են դրոշով փաթաթած դագաղով, իսկ ինքը ստիպել է այն բացել, քանի որ համոզված էր, որ տղային ծեծել են, նա սրտի հետ խնդիրներ երբեք չի ունեցել: Մայրը նկարել է որդու մարմնի բռնության հետքերը:
«Ես, հնարավոր է ,այսքան վատ չտանեի, եթե որդիս մահանար թշնամու գնդակից: Սակայն նման մահ ես չեմ ընդունի: Թող բացահայտեն ու պատժեն նրան, ով սպանել է որդուս»,- ասել է մայրը:
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ հետագայում մորը ստիպել են հեռուստաեթերում կոչ անել մարդկանց չգալ ակցիայի: Ավելի վաղ նա հորդորել էր հասարակությունը անտարբեր չմնալ նման դեպքերի նկատմամբ: