ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել 2013 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նախարարը հանձնարարել է նախապատրաստել աշխատանքային տարվա ընթացիկ միջոցառումների ծրագրերը՝ հիմք ընդունելով կառավարության կողմից նախորդ շաբաթ հաստատված 2013 թվականի աշխատանքային տարվա ծրագիրն ու դրանցում ամրագրված կրթության ոլորտի գերակայությունները: Նախարարի հանձարարությամբ կրթության ոլորտի միջոցառումների համար կսահմանվի մեկամսյա պարբերականությամբ հաշվետվություններ ներկայացնելու ժամանակացույց: Աշոտյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում հաստատման ներկայացնել կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը:
«Մենք պարտավոր ենք սահմանել աշխատանքային ավելի բարձր նշաձող: Հանրության, ինչպես նաև պետության ղեկավարության սպասելիքները մեծ են: Հանրությունը մեզանից ավելի արագ և շոշափելի արդյունքներ է պահանջում, ավելին պատրաստ է նաև մասնակից լինել այդ գործընթացներին»,- նշել է նախարարը և որպես հիմնական պահանջ կարևորել բաց և թափանցիկ աշխատաոճը: «Մենք պարտավոր ենք աշխատել հանրության համար մաքսիմալ հասանելի լինելու սկզբունքով: Ցանկացած հանրային ազդակ և դժգոհություն՝ կապված բաց աշխատանքի հետ անպայման կստանա խիստ արձագանք իմ կողմից»,- նշել է նախարարը:
Առաջիկա նախագահական ընտրություններով պայմանավորված հանրապետությունում քաղաքական ակտիվ գործընթացների համատեքստում՝ Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ համակարգի ներկայացուցիչներն իրավունք չունեն աշխատանքային պարտավորությունները կատարելիս քաղաքական գործունեությամբ զբաղվել:
«Լինելու է խիստ վերահսկողություն նման դրսևորումները բացառելու համար, ինչպես նաև բոլոր այն երևույթների նկատմամբ, որոնք կարող են ստվեր նետել մեր երկրում բացառիկ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման գործընթացի վրա», – ասված է ԿԳՆ կայքում: