Օրերս Ժառանգություն կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը facebook-ի իր էջում հրապարակել է իրեն մի դիմորդի կողմից ուղղված նամակը, որի հեղինակ Մուշեղը դիմորդների անունից բողոքում է, որ շտեմարանները շատ են բարդացրել:
«Հեղինակները բառարաններից այնպիսի բառեր են դուրս գրել ու ավելացրել շտեմարաններում, որ ես անձամբ երբևէ չեմ հանդիպել դասագրքում: Առանց կրկնուսույցի մոտ պարապելու գրեթե անհնար է ընդունվել: Հայոց լեզվի շտեմարանի 1-ին հատորում կան բառեր, որոնք մինչև շտեմարանով պարապելը դասագրքում չէի հանդիպել՝ երկնառաք, անդրենածին, մաշտոց (անասունների մազը սանրելու գործիք), արիշ, նայադ, կնդրուկ, ուրթ, գուպար, գուլ, գուռ, գուղձ, անայգ, հրուտ, հույլ, գուբ, տմույն, բարեմույն, տտիպ, սինլքոր, քսու, խանդակաթ, խույր, մկունդ, շառափ, խանձարուր, կալյակ, պարեխ, ագուգա, ազազուն, գոս, բորոտ, գռուզ, դժնդակ, անոսր, սիգալ, ելուզակ»,- ասված է նամակում:
Անահիտ Բախշյանը հույս է հայտնել, որ շտեմարանի հեղինակները կլսեն հորդորները և հանրակրթության չափորոշիչներից բխող առարկայական ծրագրեր կկազմեն: Վերջին օրերի ընթացքում բողոքին միացել են Facebook ցանցի մի շարք օգտատերեր:
Շտեմարանների մասին բողոքներին անդրադառնալով՝ բանասեր, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի Հայագիտության ամբիոնի դասախոս Դավիթ Գյուրջինյանը հրաժարվել է անդրադառնալ դիմորդի նամակի պարունակությանը, սակայն նկատել է, որ քննություններին պարտաստող շտեմարանները Գնահատման և թեստավորման կենտրոնի կատարած ամենամեծ խայտառակությունն են:
Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ շտեմարանների մասին անընդհատ հնչող մասնագիտական դժգոհությանը Կրթության և գիտության նախարարությունը պատասխանում է՝ ասելով, որ շտեմարանները պատրաստվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից, որը անկախ մարմին է:
«Իրականում ԳԹԿ-ի խորհրդի նախագահը ԿԳ նախարար Աշոտյանի տեղակալն է, ու թող հեքիաթներ չպատմեն: ԳԹԿ-ն ամեն տարի ասում է, որ հաջորդ շտեմարաններն ավելի լավը կլինին, սակայն դրանք ավելի վատն են դառնում»,- ասել է Գյուրջինյանը:
Լեզվաբանի խոսքով՝ բարդ թեստեր կազմելու նպատակն այն է, որ ընդունելության մրցույթը, հատկապես հեղինակավոր ֆակուլտետներում, ավելի կառավարելի դառնա, և «պատահական» երեխաներ չընդունվեն:
Շտեմարանի մասին նամակին անրդադառնալով՝ սոցիոլոգ Գայանե Ղազարյանը Epress.am-ին ասել է, որ դիմորդի բողոքը առ այն, որ դպրոցական ծրագրում չընդգրկված բառեր են հայնվել թեստերում, մտայնություն էր արտահայտում խորացնելու անալիտիկ և ինքուրույն աշխատանքից միանշանակ խուսափելու և սերտելու՝ դպրոցում առանց այն էլ բավականին տարածված պրակտիկան:
«Թողնենք մի կողմ այն, որ երեխայի թվարկած բառերի մեծ մասը հանդիպում են ծրագրում, և հայ գրականության, հայոց լեզվի ու հայոց պատմության դասագրքերը գոնե մեկ անգամ բացելու դեպքում պարտադիր հանդիպած կլիներ հայերենում մեծ տարածում ունեցող և նույնիսկ հայտնի կլիշեներ ձևավորող այնպիսի բառերի, ինչպիսիք են «ելուզակ»-ը կամ «դժնդակ»-ը (ասենք՝ «թուրք ելուզակներ», «հայ ազգի դժնդակ օրեր», որոնք հաճախ են հանդիպում հատկապես Ցեղասպանության համատեքստում): Անդրադառնանք նրան, որ, ըստ այս երեխայի և նրան խրախուսող մեծահասակների, բառերը պետք է դպրոցում սովորեցվեն, և եթե չեն հանդիպում դպրոցական ծրագրում, չպետք է ներառվեն քննական ծրագրում: Եթե որևէ մեկը բողոքում է, որ ինչ-որ գիտական երևույթ կամ կոնստրուկտ իրեն չի բացատրվել դպրոցում, օրինակ՝ լոգարիթմ, գրավիտացիա, դերբայական դարձվածք, ուղղակի խոսքի փոխադրում անուղղակիի և այլն, սակայն ներառվել է քննության մեջ, միանշանակ արդարացի է, և կարող է նույնիսկ պնդել, որ այդ «հնարքը» նպատակ ունի պահպանել կրկնուսույցների ահռելի բանակը և մեծացնել կոռուպցիան: Բայց այլ բան է, երբ երեխային թվում է, թե բառե՛րն էլ իրեն պետք է դպրոցում սովորեցնեն: Դա նույնն է, ինչ պահանջի դասարանում լուծել բոլո՛ր այն մաթեմատիկական խնդիրները, որոնք ներառվում են շտեմարաններում»,- ասել է Ղազարյանը:
Սա, Ղազարյանի դիտարկմամբ, նշանակում է, որ կրթական համակարգն ընկալվում է որպես տրվածի շրջանակներում սերտման մեխանիզմ, որտեղ երեխան նույնիսկ բառարան չպետք է ինքնուրույն բացի, այսինքն՝ այլ կերպ ասած՝ ընդունվելիս չպետք է ինքնուրույն գումարի մի թիվ, որը դպրոցում արդեն չի գումարել:
«Հարցն ավելի է հատում աբսուրդի սահմանը, երբ տվյալ բողոքով հանդես է գալիս մի 12-րդ դասարանցի, որը, իր իսկ խոստովանությամբ, ցանկանում է բանասեր դառնալ և նեղվում է, որ հարցերում ներառված են այնպիսի «ծիծաղելի» բաներ, ինչպես հայ պատմավեպերի դայակ հերոսուհիները: Փաստորեն ապագա բանասերին ծիծաղելի է թվում, որ ինքը, որպես բանասեր, պարտավոր է լինելու իմանալ հայ գրականության հերոսներին (օրինակ՝ Հայոց թագուհի Սահականույշի դայակ Սեդային «Գևորգ Մարզպետունի» վեպից), և միևնույն ժամանակ խոստովանում է, որ ավագ դասարաններում արդեն «խորացված» ուսումնասիրում է հայ գրականությունը»,- ասել է Ղազարյանը:
Սոցիոլոգը նկատել է, որ հարցը ունի մյուս կողմ՝ այն է,որ իրոք կարելի համաձայնել, որ կրթական մեր ծրագրերում քիչ են կամ երբեմն բացակայում են վերլուծական և ինքնուրույն մտածողության մղող հանձնարարությունները: Եվ գուցե հարկ է մտածել մեխանիկական հիշողության վրա հիմնված հարցերի մի մասը կրճատելու և դրանց փոխարեն վերլուծական աշխատանք պահանջող խնդիրներ ներառելու մասին: Սակայն դրանք կատարելու համար դպրոցականը դրդված է լինելու էլ ավելի է ինքնուրույն պրպտումներ կատարել, այլ ոչ թե միայն մի քանի բառարան բացել: