Վերջին շրջանում մտահոգիչ տեղեկություններ են արտահոսում Հայաստանի բանկային համակարգից, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթն ընդգծում է, որ, համաձայն այդ տեղեկությունների, այդ խնդիրները կարող են լուրջ ճգնաժամի պատճառ դառնալ: Դրանք վերաբերում են առաջին հերթին վարկերի վերադարձելիությանը:
Վարկառուները չեն կարողանում սպասարկել բանկերի` նախկինում տրված վարկերը, և ներկայումս` գնալով ավելի մեծ տարածում է ստանում վերավարկավորումը: Այսինքն, վարկառուները մի բանկից վարկ են վերցնում՝ նախկինում մեկ այլ բանկից վերցրած վարկը մարելու համար:
«Հայաստանում գործող օրենսդրության համաձայն, նման կարգի վերավարկավորումը, մեղմ ասած, չի խրախուսվում, բայց պատկան մարմինները սրա վրա աչք են փակում, հակառակ դեպքում՝ ամբողջ ֆինանսական համակարգը կարող է փլուզվել: Բայց սա կարճատև լուծում է, և մի ինչ-որ պահի ֆինանսական այս շրջապտույտը կանգ կառնի: Բանկերը հույս ունեն, որ Կենտրոնական բանկը խոշոր գումարների աղբյուրներ կգտնի բանկային համակարգում փող ներարկելու համար,֊ սակայն այդ հույսերը, կարծես, չեն արդարանում: Ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանում գործող թվով 4 բանկերի մոտ արդեն շոշափելի դժվարություններ են առաջացել», – նշում է թերթը: