ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին հայտարարությունից հետո թիմակիցների նեղ շրջանակին ներկայացրել է իր որոշման իրական հիմնավորումները, գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթի տեղեկություններով՝ Տեր-Պետրոսյանն ասել է, որ չի պատրաստվում քաղաքականությունից հեռանալ այնպես, ինչպես 1998 թվականին (այսինքն` տևական ժամանակ մեկուսանալ), սակայն նաև ակտիվորեն չի ներգրավվելու ընթացիկ քաղաքական գործընթացներում:
Միաժամանակ, Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում թիմակիցներին կհայտնի իր հետնորդի անունը, որն, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կհրապարակվի նախագահական ընտրություններից հետո:
Կոնգրեսում «168 ժամ»-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀԱԿ-ի վերնախավում հասկացել են, որ խոսքը Լևոն Զուրաբյանի մասին է: