Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակն այնպիսին է, որ անգամ նախագահական ընտրություններից հետո երկիրը դժվար թե կարողանա ուրվագծել ինտեգրման վեկտորը: «Ռուսաստանի ձայնը» ռադիոկայանի եթերում նման կարծիք է հայտնել «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի փոխդեկան Անդրեյ Սուզդալցևը:
Նրա խոսքով՝ Երևանի համար Եվրամիության և Մաքսային միության միջև ընտրությունը պատրանք է.
«Հայաստանի հետ կապված իրավիճակը բարդ է, հանրապետությունը գտնվում է այնպիսի աշխարհաքաղաքական շրջապատում, որ չի կարող ընտրել ոչ Մաքսային միությունը, ոչ Եվրամիությունը»:
Փորձագետը նշել է նաև, որ Հայաստանը և Ռուսաստանն ընդհանուր սահման չունեն, իսկ, նրա խոսքով, Մաքսային միությունն առանց դրա հնարավոր չէ:
Սուզդալցևի կարծիքով՝ արտաքին քաղաքականության մեջ պաշտոնական Երևանի կողմից սեփական գիծ ընտրելը Հայաստանից կախված չէ:
«Այդ երկիրը միջազգային, անգամ տարածաշրջանային հարաբերությունների ոչ օբյեկտ է, ոչ սուբյեկտ: Իրավիճակը փոխվելու է՝ կապված վրաստանյան իրադարձությունների հետ: Դա շատ կարևոր է, որովհետև Վրաստանը կարող է համաշխարհային շուկաներ մուտք ապահովել:
Շատ կասկածելի է իրավիճակն Ադրբեջանի հետ հարաբերություններում, առկա է սառեցված պատերազմ Լեռնային Ղարաբաղում: Ինչ-որ կերպ հնարավոր է բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները: Իրավիճակը փոխելու փորձ է արվել երկու տարի առաջ, բայց, ցավոք, այն չի շարունակվել: Տեսնում եք, այդքան «եթե»-ներ, և դրանք Երևանի տնօրինության տակ չեն, դրանք կախված են գլոբալ գործընթացներից», – ասել է ռուսաստանցի փորձագետը:
Սուզդալցևը նշել է նաև, որ Հայաստանը կիսավ չափ արգելափակման մեջ է գտնվում, բեռնափոխադրումները հիմնականում իրականացվում են Իրանի ոչ բարենպաստ գոտիներով:
Միևնույն ժամանակ քաղաքագետն ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ նշանակություն ունեն գալիք նախագահական ընտրությունները: Նա կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը կպահպանի նախագահի աթոռը, քանի որ «նա շատ հաջողված էր այդ պաշտոնում»:
«Շատ ողջամիտ մարդ է, հասկանում է իրավիճակը: Ռուսաստանի ղեկավարությունը շատ լավ հասկանում է Հայաստանի խնդիրները և հարաբերությունները այդ երկրի հետ իրավիճակի ըմբռնմամբ է կառուցում: Սերժ Սարգսյանի վերընտրությունը դրական կլինի Հայաստանի համար», – եզրափակել է փորձագետը: