Ատամնաբույժների հարցն այժմ լուրջ քննարկման փուլում է գտնվում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ խոսելով նոր օրենքի մասին, որի համաձայն ատամնաբույժները, այլ հարկերի հետ մեկտեղ, ստիպված են լինելու վճարել 80.000-100.000 դրամ՝ յուրաքանչյուր ատամնաբուժական բոռ-մեքենայի համար: Դումանյանն ասել է, որ երկու օր առաջ զրուցել է ատամնաբույժների հետ, այսօր ևս պատրաստվում է հանդիպել նրանց հետ:
«Այս պահին մեր մասնագետները, այդ թվում նաև ատամնաբույժները, ֆինանսների փոխնախարարի հետ են հանդիպում: Ես ինքս գտնում եմ, որ այդտեղ կան շատ հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն: Կան հարցեր, որոնք, իմ կարծիքով, կրկնակի են դրված հարկման դաշտում, մասնավորապես, ռենտգեն ծառայությունը, օրթոպեդիկ տեխնիկական սեղանները կամ աթոռները, համալսարանական կլինիկաներում ստոմատոլոգիական աթոռի խնդիրը: Պարզաբանում ունի նաև զննման կաբինետների հարցը, այսպես շարունակ բազմաթիվ հարցեր ունեն պարզաբանման խնդիր: Ֆինանսների փոխնախարարի հետ հարցերը ճշտելուց հետո մենք առաջարակությամբ հանդես կգանք: Ես երեկ հաղորդագրություն էի տարածել և մանրամասն նշել էի, թե ինչ հարցեր ենք մենք ուսումնասիրում: Իմ կարծիքով՝ այդ հարցերը պարզաբանելուց հետո մեր ատամնաբույժները շատ հանգիստ կաշխատեն»,- ասել է նախարարը:
Լրագրողների այն հարցին, թե ինչու նոր օրենքը չի քննարկվել ոլորտի մասնագետների հետ, Դումանյանն ասել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ֆինանսների նախարարությունը, և խնդրել է այդ հարցերն ուղղել նրանց: Նախարարը նաև տեղեկացրել է, որ իրենց կարծիքն իմանալու համար այդ նախագիծը ներկայացրել են, որից հետո օրենքում փոփոխություններ են եղել՝ առանց իրենց կարծիքն իմանալու:
Խոսելով Հայաստանում ատամնաբուժական ծառայությունների մատչելիության մասին՝ նախարարն ասել է.
«Մատչելի ասելով եթե նկատի ունեք ցանցը՝ բավականին լայն ցանց ունենք ատամնաբույժների, և հատկապես վերջին շրջանում մասնավոր ստոմատոլոգիան մեծ զարգացում ունեցավ: Գնային իմաստով այսօրվա դրությամբ դեռևս չեմ լսել, որ բողոքներ լինեն: Չնայած տարբեր ծառայություններ կան, եթե մենք համեմատենք իմպլանտոլոգիայի այսօրվա գները եվրոպական գների հետ՝ միանշանակ մեզ մոտ բավական ցածր են այդ գները: Եվ պետք է ասեմ, որ վերջին ժամանակաշրջանում, մենք նկատում էինք, որ Եվրոպայից նույնիսկ գալիս են այստեղ՝ հատուկ ստոմատոլոգիական բուժում ստանալու նպատակով: Եվ որակը մեզ մոտ չի զիջում, և գները ցածր էին, հիմա պատկերը այդպիսին է՝ մատչելիության հետ կապված» ,- ասել է Դերենիկ Դումանյանը: