ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները:
Ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նախագահին ներկայացրել է խորհրդում քննարկված՝ պետական բոլոր բուհերի համար ընդհանրական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկները, որոնք որոշ դեպքերում պահանջում են պետական աջակցություն: Արմեն Աշոտյանը և ռեկտորների խորհրդի նախագահը խորհրդակցության ժամանակ զեկուցել են նաև նախագահի հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպման արդյունքում Սերժ Սարգսյանի հանձնարարությունների հիման վրա ոլորտում իրականացված աշխատանքները, որից հետո բուհերի ռեկտորները ներկայացրել են յուրաքանչյուրն իր ղեկավարած ուսումնական հաստատության առաջնահերթ խնդիրները, վերջին շրջանի ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:
Ընդհանրական բնույթի խնդիրների շարքում բուհերի ռեկտորները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են կրթական օրենսգրքի ընդունման անհրաժեշտության հարցը:
Ռեկտորների համոզմամբ, դա թույլ կտա կրթական ոլորտում գործունեություն ծավալող օբյեկտների և սուբյեկտների համար օրենսդրական դաշտը դարձնել միասնական և համընդհանուր՝ միաժամանակ մեկ օրենսգրքի մեջ միավորելով ոլորտը կարգավորող բոլոր օրենքներն ու իրավական այլ փաստաթղթերը: Հարցը համակողմանիորեն քննարկելու նպատակով, Հանրապետության ղեկավարը հանձնարարել է ստեղծել փորձագիտական խումբ՝ օրենսդրական հարցերի քննարկումներին ներգրավվելով նաև ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչներին:
Հանդիպման մասնակիցները, բարձրագույն կրթական հաստատությունների առջև ծառացած կարևոր խնդիրների շարքում, առանձնացրել են մասնագիտական որակյալ կադրերի երիտասարդացման, գիտակրթական հաստատություններում սերնդափոխության խնդիրները և որոշ մասնագիտությունների գծով կադրերի պակասը: Սերժ Սարգսյանի հետ նրանք խոսել են նաև պետական բուհերի կարգավիճակի, որակյալ կրթության ապահովմանն ուղղված պետական որոշ միջոցառումների իրականացման հնարավորությունների մասին:
Բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները, ի լրումն խորհրդակցության ժամանակ նախագահի կողմից տրված հանձնարարականների, կամփոփվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: