Home / Հայաստան / ԿԸՀ-ն պարզաբանել է՝ որքան եթերաժամ է տրամադրելու նախագահի թեկնածուներին

ԿԸՀ-ն պարզաբանել է՝ որքան եթերաժամ է տրամադրելու նախագահի թեկնածուներին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով ՀՀ նախագահի թեկնածուներին եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը:

Համաձայն կարգի, Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններին թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով, հաղորդում է ԿԸՀ կայքը:

«Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով՝ ժամը 13:30-ից և ժամը 21:40-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:

Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ», – ասված է ԿԸՀ պարզաբանման մեջ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամը սահմանված ժամանակացույցին համապատասխան չօգտագործելու դեպքում թեկնածուին դրա փոխարեն այլ եթերաժամ չի տրամադրվում, ինչպես նաև թեկնածուին տրամադրված եթերաժամն այլ թեկնածուի կողմից օգտագործվել չի կարող:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է նաև 2013թ նախագահական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 884-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 619-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 155 -ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 110-ական,

«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 110-ական,

«Ժառանգություն» կուսակցություն՝ 110-ական: