Home / Հայաստան / ՀԱԿ-ի քայլերը սխալ քաղաքական հաշվարկի հետևանք են. Սասուն Միքայելյան

ՀԱԿ-ի քայլերը սխալ քաղաքական հաշվարկի հետևանք են. Սասուն Միքայելյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ղարաբաղյան պատերազմում «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը կարծում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Կոնգրեսի իրականացրած քաղաքականությունը ճիշտ չի եղել: Այս մասին նա գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածում:

«Ի սկզբանե անհեռանկար քաղաքագիտական վերլուծությունն ու դրան հաջորդած անհեռատես քաղաքական սիրախաղերը, համաժողովրդական պայքարի հստակ նախանշված ուղուց շեղումը և անհասկանալի ինտրիգների մեջ մտնելը, ի վերջո բերել են նրան, որ առաջիկա քաղաքական ամենակարևոր միջոցառմանը՝ նախագահական ընտրություններին մոտենում ենք գրեթե ամայացած քաղաքական դաշտով: Փաստորեն այն, ինչ հալածանքներով, բանտարկություններով ու այլ բիրտ մեթոդներով վերջին չորս տարիների ընթացքում չկարողացան անել իշխանությունները, ՀԱԿ-ի ղեկավարությունն ընդամենը մեկ տարվա ընթացքում իրականություն դարձրեց: Իշխանությունների վերարտադրման ճանապարհը հնարավորինս մաքրված է: Եվ այդքանից հետո, երբ բոլորը սպասում էին ՀԱԿ առաջնորդից [Լևոն Տեր-Պետրոսյանից] գոնե որոշ պարզաբանումներ լսել այս ամենի մասին, հանկարծ պարզվում է, որ նրա միակ ասելիքն այն է, որ իր տարիքի հետ կապված՝ նպատակահարմար չի գտնում առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու, ինչին անմիջապես հետևում է ՀԱԿ-ի հայտարարությունը՝ ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուի չսատարելու մասին: Մի՞թե սա է ՀԱԿ-ի վարած ճիշտ քաղաքականությունը, որի արդյունքում կտրվում է ժողովրդի վերջին հույսը, փոշիացվում է մեր երկրում առաջինը համարվող ընդդիմադիր ուժը՝ ջարդելով ընդդիմության մեջքը», – գրել է Միքայելյանը:

Նա այս ամենը համարում է սխալ քաղաքական հաշվարկի հետևանք կամ փախուստ մարտի դաշտից:

«Որովհետև եթե չի ստացվում իրականացնել իշխանափոխություն, կարելի է մնալ նորմալ ընդդիմադիր ուժ ու կայացնել այն, ինչն ավելի օգտակար կլիներ մեր պետության ու ժողովրդի համար», – նշել է Միքայելյանը՝ համոզմունք հայտնելով, որ ՀԱԿ առաջնորդի տարիքը չէ չառաջադրվելու պատճառը, որովհետև ընդամենը ամիսներ առաջ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվորեն ներգրավված էր նախընտրական պայքարին և երիտասարդական եռանդով էր դա անում:

Միքայելյանի խոսքով՝ եթե անգամ տարիքն էր պատճառը, ապա մի՞թե հնարավոր չէր գոնե 1-2 տարի առաջ արժանի փոխարինող ասպարեզ բերել:

Նա ընդգծում է, որ ամենևին էլ համաձայն չէ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ քաղաքականությունից իր բացակայելու ժամանակահատվածում նոր լիդերներ չեն ծնվել՝ նշելով, որ Քոչարյանը, թերևս, այն լիդերն է, որը Տեր-Պետրոսյանի աճեցրած կադրն է և որին հաջողվել է 10 տարվա ընթացքում փոշիացնել Հայաստանի քաղաքական դաշտը:

«Փաստորեն ստացվում է, որ եթե առաջադրվում էր Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Գագիկ Ծառուկյանը, ապա պայքարն ավազակապետության կազմաքանդման համար շարունակվում էր, իսկ եթե՝ ոչ, ապա նախագահական ընտրություններին մասնակցելով՝ մենք լեգիտիմացնում ենք վարչախմբի վերարտադրությունը:  Սա լուրջ քաղաքական ուժի պահվածք չէ, և, կարծում եմ, կնպաստի արտագաղթի ավելացմանը», – գրում է Միքայելյանը:

Նա հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերն այն մասին, որ եթե անգամ հարթակում մնա միայնակ, միևնույնն է, շարունակելու է պայքարը:

«Այո, հնարավոր է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հարթակը որոշակիորեն նոսրացել է, բայց մեծ հաշվով դա նույնպես Կոնգրեսի ղեկավարության սխալների հետևանք է և ամենևին չպետք է պատճառ դառնա, որպեսզի դատարկվի հրապարակը: Այսօր, երբ հրապարակը դատարկվում է, այլևս վտանգված չե՞ն հայոց պետականությունն ու մեր հաղթանակը: Ի՞նչ պատասխան ենք մենք տալու մարտի 1-ի զոհերի հարազատներին և առհասարակ մեր բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքներին ու ժողովրդին: Սա՞ է պայքարի վերջը, սրա համա՞ր են զոհվել տղաները: Իհարկե՝ ոչ: Իհարկե, մենք շարունակելու ենք պայքարել հանուն մեր բոլորիս երազած Հայաստանի, և այդ պայքարը չի կարող վերջ ունենալ: Սիրելի հայրենակիցներ, երբեք մի հուսահատվեք, քանզի միշտ էլ մեր հաղթանակների կերտողը դուք եք եղել, և եթե այդ հաղթանակների համար անհատներ են պետք եղել, դրանք ծնվել են պայքարի արդյունքում», – նշում է Սասուն Միքայելյանը:

Հոդվածի վերջում նա մեջբերում է Վազգեն Սարգսյանի խոսքը. «Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից»: