ԼՀՂ հարցի լուծման համար անհրաժեշտ է իրական փոխզիջումային տարբերակի մշակում, ինչը հնարավոր կլինի բանակցությունների նժարը բացառապես ԼՂՀ-ի և Ադբեջանի միջև տեղափոխելու դեպքում։ Այս մասին, ՀՀ արտաքին քաղաքականության իր ծրագրի առանցքային դրույթները ներկայացնելով, Facebook-ի իր էջում գրել է նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
«ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ընդունելի է միայն Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական դիմումի դեպքում։
Ուժերի հետագա հավասարակշռվածությունը Ադրբեջանի օգտին չթեքելու համար անհրաժեշտ է մասսայաբար բնակեցնել Հայաստանը և ԼՂՀ-ն Ադրբեջանից մազապուրծ փախած հայերով, սիրիահայերով։ Պետք է կյանքի կոչել «Նոր հայրենիք», «Նոր Հալեպ» ծրագրերը»,- գրել է Բագրատյանը:
Թեկնածուն իր գրառման մեջ ընդգծել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը, ինչը հնարավոր է հմիայն նախապայմանների բացակայության դեպքում:
Բագրատյանի ծրագրի համաձայն՝ ՀՀ արտաքին քաղաքականությունն առաջիկա տարիներին պետք է լինի ինքնակենտրոն, և Հայաստանը չի կարող իր տարածքում թույլ տալ գերտերությունների շահերի հակասությունների հետագա խորացում:
« Հայաստանը առավելագույնս պետք է խորացնի ինչպես ԵՄ ազատ առևտրի ռեժիմի, այնպես էլ ԱՊՀ հետ տնտեսական հարաբերությունների ինտեգրման խորացման գործընթացները։ Այնուամենայնիվ, Հայաստանը որևէ կողմի չպետք է թույլ տա հարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչը կբացառի հարաբերությունների զարգացումը մեկ այլ կողմի հետ։ Ցանկացած նոր օրենք, որոշում, ցանկացած պայմանագիր կամ համաձայնագիր, ինչի կիրարկման արդյունքում առկա է ինքնիշխանության (սուվերենության) կորուստ, կարող է ուժի մեջ մտնել միայն հանրաքվեից հետո»,- գրել է նախագահի թեկնածուն:
Ըստ Բագրատյանի՝ սփյուռքահայության հետ հարաբերությունները պետք է զարգացնել՝ նկատի ունենալով նրանց Հայաստանում ներդրող ու ակտիվ գործարար լինելու կարգավիճակը։
«Այլ օգնություն, բացառությամբ բարեգործական ու հումանիտար ակցիաների, մեզ պետք չէ»: Դա վնասում է և մեզ, և սփյուռքահայերին։ Սփյուռքի պասիվ ներդրողների համար (պորտֆելային) համահայկական բանկը կվերածվի համահայկական ներդրումային հիմնադրամի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կարգի կառույցների գործունեությունն աստիճանաբար կսառեցվի»,- գրել է Բագրատյանը: