Այսօր ՀՀ կառավարությունը Պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող շարժական և անշարժ գույքը (շենքեր, կայաններ, տաղավարներ, ջրատար և կոյուղու ցանց, ամբարձիչներ և այլն), 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել «MED A. KGmbH» ընկերությանը։
Որոշմամբ սահմանվել է, որ նշված գույքի տարեկան վարձավճարն առաջիկա յոթ տարվա համար կազմում է մեկ միլիոն դրամ, որն ուղղվելու է ՀՀ պետբյուջե։ Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում, ներկայացված գործարար ծրագրին համապատասխան, կազմակերպել մեծ տարողության մեքենաների (ավտոբուսների) արտադրություն՝ 7 տարվա ընթացքում ներդնելով 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ տվյալ որոշումը թույլ կտա Հայաստանում արագորեն կազմակերպել ավտոբուսների արտադրություն։