Ժամանակն է, որ միջազգային հանարությունն արձագանքի և կոչ անի, որ ՀՀ իշխանությունները ղեկավարվեն ժողովրդավարական սկզբունքներով, հարգեն մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, նաև ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ ազատության և ժողովրդավարության համար մարտնչող երիտասարդ ակտիվիստների դեմ ուղղված քրեական հետապնդմանը վերջ դնելու և պահանջելու անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: Այս մասին ասված է «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության հայատարարության մեջ, որն ուղարկվել է ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին, ինչպես նաև մի շարք իրավապաշտպան կազմակերպություններին:
Նախաձեռնությունը հիշեցնում է, որ Հայ Ազգային Կոնգրեսի 4 ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը դատապարտվել են 2-ից 6 տարվա ազատազրկման, իսկ նոյեմբերի 13-ին Վերաքննիչ դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժել է նրանց բողոքները: Հայտարարության հեղինակները հիշեցնում են նաև, որ տվյալ գործը կապված է 2011թ. օգոստոսի 9-ի միջադեպի հետ, երբ երիտասարդները ոստիկանների կողմից ենթարկվել են հարձակման, նրանց ծեծել են, ապա բերման են ենթարկել ոստիկանության բաժին ճիշտ այն ընթացքում, երբ սկիզբ էին առել երկրի ժողովրդավարացմանն առնչվող պաշտոնական բանակցությունները ՀՀ իշխանությունների և ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև։
«Տարածված կարծիք է, որ ոստիկանության գործողությունները քաղաքական դրդապատճառներով էին պայմանավորված և որ դրանց արդյունքում, ըստ էության, խափանվեց երկխոսությունը կառավարության և ընդդիմության միջև։
Սկսած հենց 2011թ. օգոստոսի 9-ից, այս գործի վարույթն իրականացվել է օրենքի մի շարք էական և ընթացակարգային խախտումներով, ընտրողական արդարադատության կիրառմամբ», – նշված է հայտարարության մեջ։
Նախաձեռնությունը խախտման մի շարք դեպքերը նշում: Մասնավորապես,
– Երիտասարդ ակտիվիստների նկատմամբ նախաքննությունը և ապա՝ դատապարտումը գլխավորապես հիմնված է եղել հենց այն ոստիկանների ցուցմունքների վրա, որոնք մասնակցել են ակտիվիստների դեմ ուղղված հարձակմանը, սակայն պաշտոնապես ներգրավվել են որպես տուժողներ և վկաներ,
– Պաշտպանական կողմի պահանջների անտեսմամբ, նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել միջադեպի ականատես հանդիսացող բազմաթիվ անհատներ, որոնք կարող էին անկողմնակալ ու ճշմարտացի վկայություն տալ գործի առնչությամբ,
– ՀԱԿ ակտիվիստները զրկված են եղել իրենց ընթացակարգային իրավունքներից ինչպես ոստիկանության բաժին բերման ենթարկվելու, այնպես էլ որպես կասկածյալներ կալանավորվելու ընթացքում։
– Երիտասարդ ակտիվիստներին որպես կասկածյալների ձերբակալության արձանագրություններն ու ընթացակարգային այլ փաստաթղթերը կազմվել են նրանց փաստաբանների բացակայությամբ,
– Մեղադրյալների փաստաբան Վահե Հովսեփյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, տեղեկացնելով ոստիկանության՝ իր մասնագիտական պարտականությունների կատարումը խոչընդոտող գործողությունների, այդ թվում՝ հենց իր նկատմամբ կիրառված բռնության մասին, սակայն այդ հաղորդման հիմքով հետաքննություն սկսելու պահանջը մերժվել է,
– Ամբաստանյալներ Սարգիս Գևորգյանը և Տիգրան Առաքելյանը երկու դատաքննությունների ժամանակ, իսկ ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյանը ՀՀ Վերաքննիչ դատարանում զրկվել են վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից, ինչը ՀՀ քրեադատավարական օրենսգրքի և Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է,
– Թեև գոյություն ունեին արժանահավատ հաղորդումներ միջադեպի ընթացքում ոստիկանության կողմից կիրառված բռնության և դաժան վերաբերմունքի մասին, որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել և ոստիկանության բոլոր ներկայացուցիչները ներգրավվել են որպես այս գործով «տուժողներ»,
– Երիտասարդ ակտիվիստների նկատմամբ սահմանված խիստ պատժաչափերը կտրուկ տարբերվում են ընդհանուր գործելակերպից, ըստ որի հայաստանյան դատարանները, որպես կանոն, ավելի մեղմ պատիժներ են սահմանում շատ ավելի լուրջ հանցագործությունների համար։
«Օրենքի այս աղաղակող խախտումները և ընտրողական արդարադատության կիրառումը արտացոլում են ՀԱԿ-ի չորս ակտիվիստների հետապնդման հիմքում ընկած քաղաքական շարժառիթները» – ասված է հայտարարության մեջ։
Նախաձեռնությունը հիշեցնում է, որ 2012թ. հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ն ընդունել է թիվ 1900 բանաձևը, ըստ որի
«Քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին,
ա) եթե ազատազրկումը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (ՄԻԵԿ) և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի, մասնավորապես՝ մտածելու, խղճիև դավանանքի ազատության, կարծիք արտահայտելու և տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև հավաքների ևմիավորումների ազատության ոտնահարմամբ,
բ) եթե ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, առանց որևէօրինախախտման հետ առնչության,
գ) եթե, քաղաքական դրդապատճառներով, կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը, որով տվյալանձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել,
դ) եթե, քաղաքական դրդապատճառներով, անձն ազատությունից զրկվել է այլ անձանց համեմատ՝ խտրական վերաբերմունքի հիման վրա, կամ
ե) եթե ազատազրկումը սահմանվել է այնպիսի ընթացակարգերի արդյունքում, որոնք ակնհայտորեն անարդարացի էին և ըստ երևույթին կապ է նշմարվում իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ»։
«Ակնհայտ է, որ, ըստ այս սահմանման բոլոր հինգ վերոնշյալ դրույթների, Տիգրան Առաքելյանը պետք է քաղբանտարկյալ համարվի։ Եթե դատավճիռն օրինական ուժ ստանա, Սարգիս Գևորգյանը, Արտակ Կարապետյանը և Դավիթ Քիրամիջյանը նույնպես կհայտնվեն քաղբանտարկյալների այս նույն կարգավիճակում։
Եվս մեկ անգամ, 2011թ. մայիսից հետո, երբ ՀՀ իշխանությունների կողմից ազատ արձակվեցին բոլոր քաղբանտարկյալները, Հայաստանը վերադառնում է մի իրողության, երբ բանտերում են հայտնվում մարդիկ միմիայն իրենց սահմանադրական իրավունքների և հիմնարար ժողովրդավարական ազատությունների ապահովմանը ձգտելու համար»։